Ի՞նչ իրավական կարգավորումներ են գործում արդյունաբերական նշանակության հողերի համար

Հայաստանում հողերը բաժանվում են ըստ իրենց նպատակային նշանակության։ Դրանցից առանձնահատուկ կարգավորում ունեն արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերը։ Դրանք այն հողամասերն են, որոնք տրամադրվում կամ օգտագործվում են արդյունաբերական և գյուղատնտեսական արտադրության համար, տեխնոլոգիական սարքավորումների շահագործման պայմանների ապահովման, պահեստարանների համար նախատեսված շենքերի և շինությունների կառուցման ու սպասարկման, ինչպես նաև ընդերքի օգտագործման նպատակով։ Այս կարգավորումն ամրագրված է Հողային օրենսգրքի 13-րդ հոդվածում։

Ի՞նչ հողեր են համարվում արդյունաբերական և արտադրական նշանակության

Օրենքի համաձայն՝ այս խմբին պատկանող հողերը ըստ գործառնական նշանակության դասակարգվում են․

  • արդյունաբերական օբյեկտների.
  • գյուղատնտեսական արտադրական օբյեկտների.
  • պահեստարանների.
  • ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի։

Ի՞նչ սահմանափակումներ են գործում

Արտադրական օբյեկտների շահագործման և բնակչության անվտանգության ապահովման նպատակով որոշ տարածքների վրա սահմանվում են հատուկ իրավական ռեժիմով գոտիներ՝ օրինակ՝ սանիտարական կամ պահպանական։ Այդ գոտիներում․

  • արգելվում է որևէ գործունեություն, որը հակասում է սահմանված ռեժիմին,
  • սեփականատիրոջ հողամասը չի վերցվում, բացառությամբ այն դեպքերի, երբ այն ամբողջությամբ դուրս է գալիս տնտեսական շրջանառությունից կամ օրենքով նախատեսված դեպքերում։

Ինչպե՞ս են տնօրինվում հանված հողամասերը

Եթե հողամասը սանիտարական կամ պահպանական պահանջներով դուրս է բերվում տնտեսական շրջանառությունից, այն․

  • տրամադրվում են այն իրավաբանական անձանց և հիմնարկներին, որոնց գործունեությունը պահանջում է սանիտարական գոտիների սահմանման անհրաժեշտություն
  • կամ դասվում են պահուստային ֆոնդի հողերին

Ո՞րն է հողերի օգտագործման հատուկ կարգը

Արտադրական նշանակության հողերի օգտագործման պայմանները սահմանվում են օրենքով։ Հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում հող տրամադրելու կարգը որոշում է լիազորված պետական մարմինը՝ համաձայնեցված համապատասխան կառավարման մարմինների հետ։

Ինչպե՞ս են որոշվում հողամասերի չափերը

Շենքերի, շինությունների կառուցման ու սպասարկման համար տրամադրվող հողամասերի չափերը սահմանվում են․

  • հաստատված նորմերով,
  • կամ նախագծային, տեխնիկական փաստաթղթերով։

 

Հողերի տրամադրում ընդերքօգտագործման համար

  • Օգտակար հանածոների արդյունահանման համար հող տրամադրվում է միայն այն դեպքում, երբ առկա է ընդերքօգտագործման իրավունքը հաստատող փաստաթուղթ։
  • Նոր հողամաս չի կարող տրամադրվել, եթե ընդերքօգտագործողը չի վերականգնել նախկինում իր գործունեությամբ խախտված հողերը՝ համաձայն վերականգնման նախագծերի

Կարևոր է իմանալ

  • Եթե ձեր հողը գտնվում է սանիտարական կամ պահպանական գոտում, ձեր իրավունքները կարող են սահմանափակվել։
  • Հողամաս տրամադրելու կամ օգտագործման կարգը սահմանում է պետական լիազոր մարմինը։
  • Ընդերքօգտագործողները պարտավոր են վերականգնել իրենց գործունեությամբ վնասված հողերը, հակառակ դեպքում նոր հող չեն ստանա։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել