«Առողջական խնդիրներ ունե՞ք»․ դատավորը՝ Սերժ Սարգսյանին

Հակակոռուպցիոն քրեական դատարանում այսօր՝ սեպտեմբերի 10-ին, շարունակվում է Սերժ Սարգսյանի նոր գործով դատական նիստը։

Դատավարության մասնակիցների ինքնությունը պարզելիս նախագահող դատավոր Գիվի Հարությունյանը Սերժ Սարգսյանից ճշտեց՝ արդյոք ունի առողջական խնդիրներ, վերջինս պատասխանեց՝ «Փառք Աստծո, ոչ»։

Ըստ գործի նյութերի՝ ՀՀ 3-րդ նախագահին մեղադրանք է առաջադրվել է այն բանի համար, որ նա, 2000 թվականից մինչև 2007 թվականը զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարի, 2007 թվականի ապրիլի 4-ից մինչև 2008 թվականի փետրվարի 19-ը՝ ՀՀ վարչապետի, 2008 թվականի ապրիլի 9-ից մինչև 2018 թվականի ապրիլի 17-ը՝ ՀՀ նախագահի, իսկ 2018 թվականի ապրիլի 17-ից մինչև 2018 թվականի ապրիլի 23-ը՝ վարչապետի պաշտոնը, ինչպես նաև 2006 թվականից հանդիսանալով ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության՝ գույքային, առևտրատնտեսական, ֆինանսական հարցերի համակարգման համար 1997 թվականի հուլիսի 1-ին հիմնադրված հայ-ռուսական միջկառավարական հանձնաժողովի նախագահ, օրենքով նախատեսված արգելքին հակառակ 2006-2015 թվականների ընթացքում «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի, նույն ընկերության տնօրեն Ալեքսան Որսականյանի և իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Միխաիլ Բաղդասարովի կողմից միջոցներ տրամադրելու և խոչընդոտները վերացնելու եղանակներով դրսևորված օժանդակությամբ մասնակցել է Միխաիլ Բաղդասարովին պատկանող, այդ թվում՝ «Միկա Լիմիթեդ» և «Աբիտ» առևտրային կազմակերպությունների կառավարմանը՝ արտոնություններ, առավելություններ տրամադրելով նշված կազմակերպություններին և հովանավորելով իրականացվող գործունեությունը, որը դրսևորվել է օտարերկրյա ներդրումներով խոշոր տնտեսական ծրագրերում ներգրավելով, բարձր ռիսկայնության պայմաններում շուրջ 14 միլիոն ԱՄՆ դոլար վարկի տրամադրմամբ, օտարերկրյա կազմակերպությունների կողմից գույքի ձեռքբերման գործընթացներում ներգրավելով և այլն:

Բացի այդ, Սերժ Սարգսյանը «ԼԼ բիմբո» ՍՊ ընկերության հիմնադիր Սեդրակ Քոչարյանի կողմից միջոցներ տրամադրելով և խոչընդոտներ վերացնելով դրսևորված օժանդակությամբ Միխաիլ Բաղդասարովի և նրա մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու, պաշտոնեական դիրքն օգտագործելով այդպիսի գործողությունների կատարմանը նպաստելու համար պահանջել և ստացել է առանձնապես խոշոր չափերով գույք՝ «Աբիտ» ՍՊ ընկերության 22,5 տոկոս բաժնեմասը, որը 2008 թվականի մարտի 23-ին ձևական գործարքով՝ 100.000 դրամով վաճառվել է «ԼԼ բիմբո» ընկերությանը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել