Երևանի քրեական դատարանում այսօր՝ հուլիսի 29-ին, շարունակվեց 2022 թվականին Պարոնյան փողոցում տեղի ունեցած վթարի հետևանքով մահացած Սոնա Մնացականյանի գործով դատական նիստը։
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլի 26-ին Պարոնյան-Լեո փողոցների խաչմերուկում ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հղի կնոջը՝ Արարատի մարզի 28-ամյա բնակիչ Սոնա Մնացականյանին, որի հետեւանքով վերջինս մահացել է: Նշված ավտոշարասյունն ուղեկցելիս է եղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ դատարանն այս գործով եզրափակիչ ելույթների փուլում է։ Հանրային մեղադրողը սկզբում ներկայացրեց Արամ Նավասարդյանին առաջադրված մեղադրանքը։
Վերջինս հանդիսանալով ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի 3-րդ սպայական դասակի հրամանատար՝ «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենայով 2022 թվականի ապրիլի 26-ին իրականացրել է հատուկ շարասյան տրանսպորտային միջոցների ուղեկցում՝ ընթանալով շարասյան առջևից, ավտոմեքենան վարել է Պարոնյան փողոցով՝ նվազագույնը շուրջ 108,7 կմ/ժ արագությամբ, իր ուղեմասով՝ երկրորդ և երրորդ ուղեգոտիները միմյանցից բաժանող գծանշաումների վրայով, լուսային և ձայնային ազդանշանները միացված վիճակում ու հասնելով Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկին, թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։
Ավտոմեքենան վարել է սահմանված 100 կմ/ժ արագությունը գերազանցող՝ նվազագույնը շուրջ 108.7 կմ/ժ արագությամբ, միջոցներ չի ձեռնարկել արագությունը իջեցնելու՝ ընդհուպ մինչև տրանսպորտային միջոցը կանգնեցնելը, ժամանակին չդիմելով արգելակման, ստեղծել է վթարային իրադրություն և ավտոմեքենային առջևի աջ մասով վրաերթի է ենթարկել 31 շաբաթական հղիություն ունեցող հետիոտն Սոնա Մնացականյանին, որի արդյունքում վերջինիս անզգուշությամբ պատճառել է մահ։
Դատախազը հայտնեց՝ ամբողջ դատաքննության ընթացքում պաշտպանության կողմը վիճարկել է երկու հանգամանք, դրանցից առաջինը վերաբերում էր տեսաձայնագրային փորձաքննության եզրակացությանը, երկրորդը՝ արագության գերազանցմանը, սակայն կատարված փորձաքննության արդյունքները բոլորովին այլ բանի մասին են խոսում․ «Դատատեխնիկական փորձաքննության եզրակացությունն այն միակ անվիճելի և բարձր արժանահավատություն ունեցող ապացույցն է, որը խոսում է այն մասին, որ տեղի է ունեցել նշված կանոնի խախտում՝ արագության գերազանցման, վտանգը հայտնաբերելու և կանխելու տեսանկյունից»։
Հանրային մեղադրողը պնդեց՝ հետազոտված ապացույցներից որևէ մեկը չի կարող հաստատվել Արամ Նավասարդյանի անմեղությունը, սակայն հակառակը հիմնավորող տվյալները բազմաթիվ են․ «Այս քրեական դատավարության ընթացքում ապացուցվել են մեղադրյալին վերագրվող փաստական հանգամանքները, ապացուցվել է մեղադրյալի կողմից այդ արարքի կատարումը և ապացուցվել է նրա մեղավորությունը տվյալ արարքի կատարման մեջ»։
Տուժող կողմի ներկայացուցիչ, փաստաբան Րաֆֆի Ասլանյանը միացավ դատախազի միջնորդությանը՝ պնդելով, որ գործով վկաների ցուցմունքները էական նշանակություն չեն ունեցել, դրանք դատավարության ընթացքը ձգձգելուն միտված պատասխաններ էին․ «Գտնում ենք, որ փորձագետի կողմից տրված եզրակացությունները հիմնավոր են, դրանք այլ համադրելի ապացույցների հետ միասին հանդիսանում են առավել քան բավարար միջոցներ՝ Արամ Նավասարդյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ կայացնելու համար»։
Պաշտպանության կողմը հակառակը պնդեց՝ ընդգծելով, որ իրենց կողմից ներկայացված ապացույցները հիմնավոր են, որևէ խախտում չի եղել։
Մանրամասները՝ տեսանյութում։