Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում հուլիսի 14-ին տեղի ունեցավ հեռուստահաղորդավար, մեկնաբան, ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության նախկին պետ Գևորգ Ալթունյանի, ևս 4 անձի և «Էլ Ջի մեդիա» ՍՊԸ-ի գումարի բռնագանձման պահանջի մասին առաջին նախնական դատական նիստը։
Դատախազ Աղավնի Մադոյանը նախագահող դատավորի հարցին ի պատասխան հայտնեց՝ գործով վիճելի իրավահարաբերության բնույթը քաղաքացիրաիրավական հարաբերությունները, արտապայմանագրային և գույքային վնասն է, իսկ կիրառելի իրավանորմը «Գնումների մասին» օրենքի համապատասխան կարգավորումը, Կառավարության 2017 թվականի որոշումները, Քաղաքացիական օրենսգրքի համապատասխան հոդվածները։
Հայցվոր կողմն ամբողջությամբ պնդեց ներկայացված պահանջը, իսկ պատասխանող կողմն առարկեց դրա դեմ։
Կողմերն այլ միջնորդություններ չներկայացրին, ու հաշվի առնելով, որ դատարանը պետք է ապացուցման պարտականությունը բաշխելու որոշում կայացնի, դրանով պայմանավորված դատական նիստը հետաձգվեց։
Գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 23-ին։