Երեկվանից համացանցն ալեկոծվել է այն փաստից, որ «Աբովյան» ՔԿՀ-ում գտնվելու է 8 ամսական երեխա:
Նշեմ, որ նման դեպքեր եղել են, կան և դեռ կլինեն, ու սա առաջին դեպքը չէ, երբ երեխան հայտվում է ՔԿՀ-ում իր մոր հետ միասին կամ անգամ ծնվում է այն ժամանակ, երբ մայրը կալանավորված է կամ դատապարտված:
Այս մասին գրառում է կատարել երեխաների իրավունքների պաշտպանության գծով միջազգային փորձագետ, իրավաբան Դավիթ Թումասյանը։
«Թե՛ նախկին, թե՛ գործող օրենսդրությունը հստակ ամրագրում է, որ երեխան իր մոր հետ ՔԿՀ-ում կարող է մնալ մինչև 3 տարեկանը: Երեխայի 3 տարին լրանալուց հետո ՔԿՀ-ի պետը կարող է երեխային պահելու ժամկետը երկարաձգել մինչև ծնողի պատժի ժամկետի ավարտը, եթե պատժի ավարտին մնացել է 3 տարուց ոչ ավելի ժամանակ։ Այսինքն՝ երեխան կարող է ՔԿՀ-ում մնալ առավելագույնը մինչև 6 տարեկան դառնալը:
Բայց, ՔԿՀ-ում երեխայի գտնվելն իրականացվում է ԲԱՑԱՌԱՊԵՍ մոր համաձայնությամբ՝ թե՛ սկզբանակն, թե՛ հետագա փուլերում: Եվ եթե մայրը ցանկացած պահի չի համաձայնվում, ապա երեխան մոր ընտրությամբ տեղափոխվում է պետական կամ այլ հաստատություն կամ ազգականի մոտ:
Իսկ այն, որ երեխա ունեցող անձը կարող է կալանավորվել կամ դատապարտվել՝ վիճարկման առարկա լինել չի կարող, քանի որ երեխայի առկայությունը հանցանք կատարելու արդարացում լինել չի կարող: Եվ առաջինը ծնողն իր արարքները կատարելուց առաջ պետք է մտածի, թե ինչ հետևանքներ դրանք կարող են առաջացնել ոչ միայն իրա, այլ նաև իր երեխայի համար»,-նշել է նա։