Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ 25 տարի է բնակվում է Մայր Աթոռ սուբ Էջմիածնում և նման բան անգամ երևակայել հնարավոր չէր։
«Ուժային կառույցները բիրտ ուժ կիրառելով, մարդկանց հրելով, կարծես թե, եկել էին եկեղեցին ազատելու թշնամիներից։ Այս խարանը մնալու է մեր ժողովրդի մեջ, որը միայն ու միայն հնարավոր է լուծել ապաշխարությամբ, եթե չապաշխարենք և իսկապես չանդրադառնանք այս ամենին, ինչ կատարվում է մեր երկրում, մեր հայրենիքի, մեր ժողովրդի հետ կարող են բազում վատ բաներ լինել։ Հայոց եկեղեցին մնացել է վերջին խրամատը մեր պետականության, եթե այս խրամատն էլ հանձնենք մեր թշնամիներին, ապա լինելու է հայոց երկիրը, բայց այստեղ լինելու են ոչ հայեր և մենք լսելու ենք թուրքական նամազի ձայներ, եթե այդ է նպատակը և մեր ժողովուրդը չի ուզում իր ձայնը բարձրացնել, ապա շատ տխուր իրավիճակ է»,-նշեց նա։
Տեր Զաքարիան ասաց, որ ժողովուրդն առաջին հերթին պետք է կանգնի եկեղեցու կողքին և եկեղեցականների՝ իր արդար վրթովմունքն արտահայտելով։
«Սա մեր ազգային խայտառակությունն է։ Մայր Աթոռ սուրբ Էջմիածնին նման կերպ վերաբերվել էին միայն թշնամիները։ Ցավոք, կան մարդիկ, հատկապես սոցցանցերում, որ մեծ հրճվանք են ապրում։ Սա եկեղեցու պատմության մեջ ամենաողբերգական էջերից մեկը պիտի լինի։ Հետագայում մատենագիրները պիտի արձանագրեն այս խայտառակությունը։ Ես ամոթ եմ զգում, տխուր է այս ամենը։ Այսօր, դեմքը ծածկած մի ոստիկան ինձ մոտեցավ և ասաց՝ ներողություն եմ խնդրում, ես ամաչում եմ, բայց մենք այլ ելք չունենք»,-ասաց Զաքարիա ծայրագույն վարդապետը։