Պրահայում ընթացող GLOBSEC 2025 ֆորումի շրջանակում «Օգտագործելով պահը՝ հարևանների հետ երկարատև գործընկերություն կերտելու համար» պանելային քննարկմանը ՀՀ վարչապետ Նիկոլ ՓԱշինյանն անդրադարձել է Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ նշելով, որ Հայաստանը որևէ խնդիր չունի՝ կտրելու բոլոր կապերը Ռուսաստանի հետ:
«Վերջերս մեր խորհրդարանն օրենք է ընդունել ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին: Այժմ մենք բավական սերտ համագործակցություն ունենք ԵՄ-ի հետ, սակայն միևնույն ժամանակ որևէ խնդիր չունենք կտրելու բոլոր կապերը Ռուսաստանի հետ, քանի որ մենք որդեգրել ենք հավասարակշռված և հավասարակշռման արտաքին քաղաքականություն: Դա է մեր ռազմավարությունը: Միևնույն ժամանակ դուք նշեցիք ակցիաները (նախորդ տարի Հայաստանում տեղի ունեցած ակցիաները-խմբ.), կարծում եմ՝ դրանք բնական երևույթ են ցանկացած ժողովրդավարական երկրի համար: Կարևոր է արձանագրել, որ Հայաստանում ունենք ազատ և արդար ընտրությունների անցկացման հուսալի մեխանիզմ՝ խորհրդարան, կառավարություն ձևավորելու համար: Հայաստանի քաղաքացիները միշտ հնարավորություն ունեն արտահայտելու իրենց կարծիքը: Բավական կարևոր է նշել, որ ժողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և իմ նշած օրենքը միայն ԵՄ լիարժեք անդամ դառնալու մեր նպատակի մասին չէ, այն նաև նոր խթան է մեզ համար շարունակելու, իրականացնելու և ընդլայնելու մեր ժողովրդավարական օրակարգը: Եվ հուսով ենք, որ այն ժամանակ, երբ մենք դիմենք ԵՄ անդամակցության համար, դա կլինի ձեռքբերումների վրա հիմնված դիմում, և իրականացրած կլինենք խոր ու համակողմանի ժողովրդավարական բարեփոխումներ»,- նշել է ՀՀ վարչապետը:
Անդրադառնալով տարածաշրջանում բարդ իրավիճակին՝ Փաշինյանը նշել է.
«Մենք ունենք նաև ԵՄ դիտորդական առաքելություն, որը դիտարկում է իրավիճակը Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով: Միևնույն ժամանակ վերջին տարիներին Հայաստանում ռուսական ուժերի ներկայությունը կրճատվել է, սակայն մենք այժմ խնդիր չունենք դադարեցնել նրանց ներկայությունը: Մենք ունենք այլ խնդիր՝ կայուն և երկարաժամկետ խաղաղություն հաստատել տարածաշրջանային երկրների հետ: Այս տարի ավարտել ենք Ադրբեջանի հետ բանակցությունները մեր երկրների միջև խաղաղության համաձայնագրի շուրջ: Նախագիծն արդեն երկկողմ համաձայնեցված է, և այժմ ժամանակն է ստորագրելու խաղաղության համաձայնագիրը: Այժմ մենք խորհրդակցություններ ենք իրականացնում Ադրբեջանի հետ՝ ինչպես հասնել դրան:
Մենք կայուն և լավ հարաբերություններ ունենք Իրանի և Վրաստանի հետ: Այժմ բավական ակտիվ երկխոսություն ունենք Թուրքիայի հետ և հուսով ենք, որ 2022-ին ձեռք բերված համաձայնությունը կիրականացվի: Դա սահմանների մասնակի բացումն է՝ դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց և երրորդ երկրների քաղաքացիների համար: Հուսով եմ, որ կկարողանանք կյանքի կոչել այս պայմանավորվածությունը:
Մենք չենք ցանկանում գալ Եվրամիություն և մեզ հետ բերել կոնֆլիկտներ: Նախևառաջ մենք ցանկանում ենք հասցեագրել մեր տարածաշրջանի բոլոր հնարավոր կոնֆլիկտները, հաստատել խաղաղություն և խաղաղություն բերել Եվրոպական միություն: Դա է մեր ռազմավարությունը»,- եզրափակել է վարչապետը: