Հայցի ապահովման միջոցներ կկիրառվեն ոչ բոլոր դեպքերում

ՀՀ Վարչական դատավարության նոր օրենսգիրքը, ի տաբերություն նախորդի, որը այս հարցի կարգավորումը թողնում էր ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքին, հստակ կարգավորում է հայցի ապահովման գործընթացը:

Օրենսգիրքը հայցի ապահովման հնարավորություն է տալիս ոչ բոլոր հայցատեսակների համար. վիճարկման հայց ներկայացնելու դեպքում հայցվոր անձը հայցի ապահովում կիրառելու միջնորդություն չի կարող ներկայացնել:

Պարտավորեցման, գործողության կատարման կամ ճանաչման հայցերի դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ միջոցներ է ձեռնարկում հայցի ապահովման համար, եթե նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։
Հայցի ապահովման միջոցներն են`
1) հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարումը.
2) դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելելը.
3) պատասխանողին պատկանող գույքի (ներառյալ՝ դրամական միջոցների) վրա հայցագնի չափով արգելանք դնելը.
4) որևէ իրավիճակի ժամանակավոր պահպանումը կամ փոփոխումը:
Հայցի ապահովումը թույլատրվում է դատավարության յուրաքանչյուր փուլում։

Հայցի ապահովման մասին միջնորդությունը քննարկվում է այն ստացվելուց հետո՝ ոչ ուշ, քան երկօրյա ժամկետում, և դրա վերաբերյալ կայացվում է որոշում` առանձին դատական ակտի տեսքով:

Հանրային իրավական դրամական պահանջներով վիճարկման հայցի դեպքում վարչական մարմինը կարող է ներկայացնել պարտապանի գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ միջնորդություն, եթե առկա է դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգ: Դրամական պարտավորությունը չկատարելու անմիջական վտանգի առկայության դեպքում վարչական դատարանն իրավասու է արգելանք դնելու հայցվորի գույքի վրա` դրամական պարտավորության չափով:

Հայցի ապահովման մասին վարչական դատարանի որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով։

Վարչական դատարանը դատավարության մասնակցի միջնորդությամբ իրավունք ունի հայցի ապահովման մեկ միջոցը փոխարինելու մեկ այլ միջոցով, փոփոխելու այն կամ վերացնելու: Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու դեպքում միջնորդություն ներկայացրած դատավարության մասնակիցը չի կարող ներկայացնել հայցի ապահովման նույն միջոցի վերաբերյալ միջնորդություն։

Հայցի ապահովման մեկ միջոցը մեկ այլ միջոցով փոխարինելու, այն փոփոխելու կամ վերացնելու հարցը լուծվում է միջնորդությունն ստանալուց հետո` տասնօրյա ժամկետում, դատական նիստում։ Դատավարության մասնակիցները պատշաճ ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին։ Նրանց չներկայանալն արգելք չէ հարցի քննարկման համար։
Հարցի քննարկման արդյունքներով կայացվում է որոշում։

Հայցը մերժելու մասին կամ գործի վարույթը կարճելու մասին դատական ակտ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը, եթե դրանք մինչև այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելը օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել:

Հայցը բավարարելու մասին վճիռ կայացվելու դեպքում հայցի ապահովման միջոցները պահպանվում են մինչև վճռի կատարումը, եթե դրանք օրենքով նախատեսված կարգով չեն վերացվել մինչև վճռի կատարումը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել