Միմյանց հակասող երկու նորմ. մինչև ո՞ր պահը կարելի է փոխել հայցի հիմքն ու առարկան

Քաղաքացիական դատավարությունում, եթե գործով քննությունն իրականացվում է դատաքննության նախապատրաստության փուլով, ապա հայցվորն իրավունք ունի փոխելու հայցի հիմքը և առարկան, ավելացնելու կամ նվազեցնելու հայցային պահանջների չափը մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը: Հայցվորը հայցից կարող է հրաժարվել առաջին ատյանի դատարանում մինչև դատաքննության ավարտը:

ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի մեկ այլ հոդվածում նշվում է, որ հայցվորի կողմից հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել մինչև դատաքննություն նշանակելը: Դատարանը կարող է թույլ չտալ նման փոփոխությունը, եթե այն բերում է հայցի էության փոփոխության: Հայցի հիմքը կամ առարկան կարող է փոփոխվել գործը քննող դատարանի առարկայական ընդդատության սահմաններում:

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է, որ նույն իրավական ակտի ընդհանուր և հատուկ մասերի միջև հակասության դեպքում գործում են ընդհանուր մասի դրույթները: Այս պարագայում ընդհանուր մասի նորմը նախատեսում է ավելի երկար ժամկետ՝ մինչև դատաքննություն սկսվելը:

Բացի այդ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը սահմանում է նաև, որ հավասար իրավաբանական ուժ ունեցող նորմատիվ իրավական ակտերի կամ նույն իրավական ակտի տարբեր մասերի միջև հակասության դեպքում պետական և տեղական ինքնակառավարման մարմինները ֆիզիկական ու իրավաբանական անձանց հետ հարաբերություններում պետք է կիրառեն ֆիզիկական և իրավաբանական անձանց համար նախընտրելի նորմատիվ իրավական ակտը կամ դրա մասը:

Հետևաբար, հայցի հիմքը և առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու կամ նվազեցնելու իրավունքը քաղաքացիական դատավարությունում կարելի է իրացնել մինչև առաջին ատյանի դատարանում գործով դատաքննության սկսվելը:

ՀՀ Վարչական դատավարության օրենսգիրքը այս հարցը կարգավորում է հստակ: Օրենսգիրքը սահմանում է, որ հայցվորը հայցի հիմքը և (կամ) առարկան կարող է փոփոխել նախնական դատական նիստի ընթացքում կամ դատաքնննություն նշանակելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել