«Դեռևս 7-8 օր առաջ, մինչև մեզ դիմելը, ես ինքս հարցը քննարկեցի համապատասխան մասնագետների հետ, նախ և առաջ հասկանալու՝ արդյոք հնարավոր է առկա և մեզ հասանելի տեխնոլոգիական լուծումներով, մասնավորապես տիեզերական լուսանկարներով որոշակիություն ունենալ՝ հասկանալու, թե ինչ է տեղի ունեցել տվյալ օրը»,-այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով Մարմարիկում 2-ամյա Տիգրանի անհետացմանը։
«Ըստ էության, տարատեսակ կարծիքներ էին հնչում մասնագետների կողմից, անգամ ամենաբարձր որակի՝ 30 սմ լուծաչափ ունեցող տիեզերալուսանկարներ ունենալու պարագայում, կային մասնագետներ, որ չէին բացառում՝ հնարավոր կլինի իդենտիֆիկացնել մանկահասակ երեխային, կային կարծիքներ, որ տեխնիկապես դա ուղղակի հնարավոր չէ։ Սակայն մենք համարեցինք՝ եթե անգամ պարզվի, որ այդ օրը առկա են որոշակի ընկերությունների կողմից տվյալ տեղանքի լուսանկարներ, մենք պետք է փորձենք՝ անկախ նրանից՝ հնարավոր կլինի՞ իդենտիֆիկացնել, թե՞ ոչ»,-նշեց նախարարը։
Նա հայտնեց, որ վերջին լուսանկարները, որ արվել են տվյալ տեղանքում, ապրիլի 26-ին են թվագրվում։
Մայիսի 4-ին ժամը 11:52-ին ՆԳ նախարարությունում ահազանգ էր ստացվել Մարմարիկում 2-ամյա երեխայի կորելու մասին: Նույն պահից մեկնարկել են որոնողական աշխատանքները, սակայն մինչ օրս որևէ արդյունք չի գրանցվել:
Ոստիկանության ծառայողներն ու փրկարարները ստուգել ու շարունակում են ստուգել առաջ քաշված բոլոր վարկածները:
Մայիսի 6-ին երեխայի անհետացման փաստի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով: