Ի՞նչ պետք է իմանալ տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու հետևանքների մասին

Հայաստանի Հանրապետության տարածքում շահագործվող տրանսպորտային միջոցները Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա են տեխնիկական զննության:

Տրանսպորտային միջոցի առաջին տեխնիկական զննությունը կատարվում է նախքան տրանսպորտային միջոցը ճանապարհային ոստիկանությունում առաջին անգամ հաշվառելը:

Նոր թողարկված (տվյալ տարում արտադրված) տրանսպորտային միջոցների տեխնիկական զննությունը կատարվում է տրանսպորտային միջոցի հաշվառմանը հաջորդող տարում` մինչև հաշվառման կտրոնի վրա նշված (փակցված կամ դակված) ամսվա վերջին օրը: Այդ տրանսպորտային միջոցներին հաշվառման համարանիշի հետ տրվում է հաշվառման կտրոն, որը պետք է փակցվի տեխնիկական զննության կտրոնի համար նախատեսված տեղում:

Տրանսպորտային միջոցի երկրորդ և հետագա տեխնիկական զննությունները կատարվում են հետևյալ պարբերականությամբ.
ա) ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցները` կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող տրոլեյբուսները, ավտոբուսները և մարդատար-տաքսի ավտոմոբիլները (բացառությամբ մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլների)` յուրաքանչյուր 6 ամիսը մեկ անգամ.
բ) տրանսպորտային միջոցները, դրանց թողարկման տարվան հաջորդող չորրորդ տարին ներառյալ (բացի ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցներից)` յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ.
գ) տրանսպորտային միջոցները, այդ թվում` մեկ մարդատար տաքսի-ավտոմոբիլով ուղևորափոխադրումներ իրականացնող անհատ ձեռնարկատերերին պատկանող մարդատար-տաքսի ավտոմոբիլները, դրանց թողարկման տարվան հաջորդող հինգերորդ տարվանից սկսած, իսկ ինքնաշեն կամ թողարկման տարին չճշտված տրանսպորտային միջոցները` յուրաքանչյուր տարին մեկ անգամ:

Տրանսպորտային միջոցը սույն մասի պահանջին համապատասխանող տարում տեխնիկական զննություն պետք է անցնի մինչև նախորդ տեխնիկական զննության արդյունքում տրամադրված կտրոնի վրա նշված ամսվա վերջին օրը:

ՀՀ Կառավարության 24.07.1998թ. N 461 որոշման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոտրանսպորտային միջոցների տարեկան տեխնիկական զննության ժամկետ է սահմանվել յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ից մինչև օգոստոսի 31-ը»: 

Հայտնի է, որ ֆիզիկական անձինք տարեկան տեխնիկական զննության ենթակա փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարում են մինչև փոխադրամիջոցները տվյալ տարվա տեխնիկական զննության ներկայացնելը, իսկ փոխադրամիջոցի օտարման դեպքում՝ մինչև փոխադրամիջոցի օտարման պայմանագրից ծագող սեփականության իրավունքը գրանցելը։

Տեղական ինքնակառավարման մարմինները (Երևան քաղաքում` նաև Երևանի վարչական շրջանները) փոխադրամիջոցների համար գույքահարկ վճարող ֆիզիկական անձին տրամադրում են փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմիններ ներկայացվող՝ փոխադրամիջոցների գծով հարկային պարտավորություններ չունենալու մասին տեղեկանքը: Հետևաբար, նախորդ մի քանի տարիներին տեխնիկական զննություն չանցած փոխադրամիջոցները թեև նախորդ տարիների համար տեխնիկական զննություն չեն անցնում, սակայն փոխադրամիջոցների համար նախորդ տարիների գույքահարկը ենթակա է վճարման, եթե բացակայում են չվճարելու՝ օրենքով սահմանված հիմքերը:

Իսկ ի՞նչ կարող է լինել, եթե փորձեք վարել տեխնիկական զննության ենթակա և չանցած տրանսպորտային միջոց:

Տրանսպորտային միջոցի՝ օրենքով սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցնելը, կամ սահմանված կարգով տվյալ տարվա տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը փակցված չլինելը րանսպորտային միջոցի երթևեկությունն արգելելու հիմք է: Սակայն ի տարբերություն երթևեկությունն արգելելու այլ հիմքերի՝ այս դեպքում տրանցպորտային միջոցը միանգամից չի տեղափոխվում հատուկ տարածք:

Օրենքով սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած և երթևեկող տրանսպորտային միջոց հայտնաբերելու դեպքում ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովող ոստիկանության ծառայողը պարտավոր է արձանագրել խախտումը և սահմանված կարգով հանել տրանսպորտային միջոցի հաշվառման համարանիշները: Համարանիշները հանելու դեպքում վարորդին տրվում է 10-օրյա ժամկետով ժամանակավոր համարանիշ` տրանսպորտային միջոցը տեխնիկական զննություն անցկացնելու համար կամ տրանսպորտային միջոցը վարորդը տեղափոխում է տեխնիկական սպասարկման վայր:

Տրանսպորտային միջոցների շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու և ժամանակավոր համարանիշ տալու դեպքում, իրավասու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն:

Տրանսպորտային միջոցի շահագործումը` հաշվառման համարանիշները հանելով արգելելու պատճառները վերացնելուց հետո, հաշվառման համարանիշները անմիջապես վերադարձվում են տրանսպորտային միջոցի վարորդին (սեփականատիրոջը, սեփականատիրոջ ներկայացուցչին):

Իսկ չվերացնելու դեպքում, եթե տրանսպորտային միջոցը կրկին մասնակցում է երթևեկությանը, ժամկետանց համարանիշներով երթևեկելը կրկին հիմք կհանդիսանա երթևեկությունն արգելելու համար: Սակայն այս դեպքում արդեն մեքենան տեղափոխվում է հատուկ տարածք:

Իսկ արդյո՞ք անձը ենթակա է վարչական պատասխանատվության սահմանված ժամկետում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը պատասխանատվություն է նախատեսում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոցների շահագործման դեպքում կազմակերպությունների ղեկավարների կամ տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի և շահագործման համար պատասխանատու անձանց կողմից նման տրանսպորտային միջոցները վարել թույլատրելու համար: Այդ արարքն առաջացնում է տուգանքի նշանակում` քսան հազար ՀՀ դրամի չափով:

ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի մեկ այլ հոդված վերնագրված է «Սահմանված կարգով չհաշվառված (չվերահաշվառված), տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելը, տրանսպորտային միջոցի նկատմամբ այլ երկրում ծագած սեփականության իրավունքը սահմանված ժամկետում գրանցման չներկայացնելը, տեխնիկական զննության կամ հաշվառման կտրոնը սահմանված տեղում չփակցնելը»:

Սակայն այդ հոդվածը չի բովանդակում տեխնիկական զննություն չանցած տրանսպորտային միջոց վարելու համար պատասխանատվություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել