Քրեական դատավարությունում ո՞վ է պարտավոր ապահովել պաշտպանի պարտադիր մասնակցությունը

Կասկածյալի, մեղադրյալի կողմից ցանկություն հայտնելու կամ այն դեպքում, երբ դա է պահանջում արդարադատության շահը, ինչպես նաև օրենսգրքով և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով պարտադիր համարվող դեպքերում քրեական վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել նրանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը։

Պաշտպանության իրավունքը քրեական դատավարության հիմնարար սկզբունքներից մեկն է:

Բացի այդ, այն հանդիսանում է «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայով երաշխավորված «զենքերի հավասարության» և ՀՀ քրեադատավարական օրենսդրությամբ ամրագրված մրցակցության սկզբունքների ապահովման կարևորագույն երաշխիք»:

ՀՀ Վճռաբեկ դատարանն արձանագրել է. վարույթն իրականացնող մարմինը կասկածյալի ընտրած փաստաբանին ներգրավում է որպես պաշտպան: Այս դեպքում պաշտպանին վարույթ ներգրավելու հիմքը կասկածյալի ստորագրութամբ վավերացված փաստաթղթային հաստատումն է: Եթե կասկածյալը չունի պաշտպան և վարույթն իրականացնող մարմնին չի ներկայացնում որևէ փաստաբանի, ապա այդ դեպքում վարույթն իրականացնող մարմինը ՀՀ փաստաբանների պալատից պահանջում է որևէ փաստաբանի նշանակել պաշտպան. պաշտպանի ընտրության և նշանակման իրավասություն քննիչը չունի:

Քրեական գործով վարույթի ընթացքում կասկածյալին և մեղադրյալին պաշտպան ընտրելու, հրավիրելու իրավունքի ընձեռումն ամենից առաջ նպատակ է հետապնդում ապահովել վերջիններիս պաշտպանության իրավունքի իրացումը: Ընդ որում, պաշտպանի ընտրությունը ոչ միայն իրավաբանական նշանակություն ունեցող ակտ է, այլ նաև ունի բարոյական նշանակություն, որի էությունը պաշտպանի և պաշտպանյալի միջև վստահության անհրաժեշտ մթնոլորտի ստեղծումն է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել