Կարճ ասած՝ պետությունը ասում է՝ «էլ ինչ անենք, որ հասկանաս, որ չպիտի բողոքարկես, պիտի մուծես»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաստաբանների պալատի նախագահի առաջին տեղակալ Հարութ Ակլունցը։
«Ի՞նչ է ուզում անել կառավարությունը Վարչական դատավարության օրենսգրքի փոփոխությունների նախագծով՝ պարզ խոսքով.
Գործող օրենքով, երբ պետական մարմինը ձեր վերաբերյալ որոշում կամ ակտ է կայացնում, դիցուկ՝ պարեկը տուգանք է նշանակում, և դուք բողոքարկում եք այն դատարան, դուք չպետք է վճարեք տուգանքի գումարը, մինչև դատարանը չորոշի, թե արդյոք ակտն օրինական է:
Շրջանառության մեջ դրված օրենքի նախագծով անկախ նրանից, որ դուք բողոքարկել եք այդ ակտը, ՊԱՐՏԱՎՈՐ ԵՔ ԼԻՆԵԼՈՒ վճարել տուգանքը հետո նոր դատարանը որոշի՝ ով էր ճիշտ:
Եվ սա այն դեպքում, որ նախորդող օրենսդրական փոփոխությունների արդյունքում, արդեն՝
եթե չբողոքարկեցիք, այդ գումարն առանց Ձեզ հարցնելու և առանց դատարանի որոշման բռնագանձելու են,
մինչև դատարան դիմելը պարտադիր պետք է բողոք ներկայացնեք վերադասության կարգով,
դատարանի բողոքարկման համար ստիպված եք պետական տուրք վճարել,
թանկացած փաստաբանական ծառայությունների համար պետք է վճարեք,
գործն էլ որ հաղթեք, դատարանը կորոշի հատուցել փաստաբանին փաստացի վճարած ծախսից առնվազն 10 անգամ փոքր գումար,
Վերջում էլ Ձեր գումարները հետ ստանալու համար պիտի ընկնեք պետական մարմինների դռները:
Հիմա էլ ասում են՝ տուգանքը վճարի՝ նոր բողոքարկի…
Կարճ ասած՝ պետությունը ասում է՝ «էլ ինչ անենք, որ հասկանաս, որ չպիտի բողոքարկես, պիտի մուծես»»,-նշել է նա։