ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի մարտի 5-ի հրամանագրով՝ Ռուստամ Մախմուդյանը նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 7-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի մարտի 3-ի ԲԴԽ-18-Ո-30 որոշմամբ ներկայացված առաջարկությունը.
Ռուստամ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻՆ նշանակել վերաքննիչ վարչական դատարանի նախագահ՝ երեք տարի ժամկետով»,-ասված է հրամանագրի մեջ։
Iravaban.net-ը ձեզ է ներկայացնում Մախմուդյանի կենսագրությունը։
Ծնվել է 1982 թվականին Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղում:
Կրթություն
- 2003 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:
- 2005 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի մագիստրատուրան:
- 2008 թվականին ավարտել է նույն ֆակուլտետի ասպիրանտուրան՝ որպես Սահմանադրական և միջազգային իրավունքի ամբիոնի ասպիրանտ:
- 2008 թվականին պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան:
- 2015-2016 թվականներին հանդիսացել է ՀՀ Արդարադատության ակադեմիայի ունկնդիր:
- 2016 թվականին ԵՊՀ գիտական խորհրդի որոշմամբ շնորհվել է դոցենտի գիտական կոչում, որը նույն թվականին հաստատվել է ՀՀ բարձրագույն որակավորման հանձնաժողովի կողմից:
Աշխատանքային փորձ
- 2002 թվականից 2003 թվականը եղել է ԵՊՀ իրավաբանական կլինիկայում` որպես իրավախորհրդատու:
- 2003 թվականից 2004 թվականը եղել է ՀՀ կենտրոնական զինվորական դատախազության քննչական բաժնի ստաժոր:
- 2004 թվականից 2005 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեադատավարական, քրեակատարողական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի մասնագետ:
- 2005 թվականից 2009 թվականն աշխատել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում՝ որպես քրեադատավարական և զինծառայողների իրավունքների վերականգնման բաժնի ավագ մասնագետ:
- 2009 թվականին համատեղության կարգով աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում՝ որպես ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի խորհրդական:
- 2009 թվականից 2012 թվականն աշխատել է որպես ՀՀ մարդու իրավունքների Պաշտպանի ռազմական և զինծառայողների հարցերով խորհրդական:
- 2009 թվականից 2012 թվականը ՀՀ Պաշտպանության նախարարի հրամանով եղել է Սահմանված կարգի խախտմամբ զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների դիմումները քննարկող միջգերատեսչական հանձնաժողովի անդամ:
- 2010 թվականից 2012 թվականը ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու, պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողով»-ի անդամ:
- 2013 թվականից 2014 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտում՝ որպես դեպարտամենտի ղեկավարի խորհրդական:
- 2014 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի կազմակերպաիրավական վարչությունում՝ որպես վարչության պետ:
- 2015 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի իրավական վերլուծության վարչությունում՝ որպես վարչության պետ:
- 2017 թվականից 2019 թվականն ընտրվել է ՀՀ ազգային ժողովի պատգամավոր և ՀՀ ազգային ժողովի նախագահի կողմից նշանակվել է որպես Ազգային ժողովի պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ:
- 2017 թվականից 2019 թվականն ընդգրկվել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ՀՀ ազգային ժողովի պատվիրակության կազմում՝ որպես պատվիրակության անդամ:
- 2019 թվականից 2020 թվականն աշխատել է Դատական դեպարտամենտում՝ որպես դատական պրակտիկայի վերլուծության և մշտադիտարկման վարչության պետ:
- ԲԴԽ-13-Ո-26 որոշմամբ ներկայացված առաջարկությամբ՝ ՀՀ նախագահի՝ 2020 թվականի ապրիլի 1-ի թիվ ՆՀ-68-Ա հրամանագրով նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր:
- 2021 թվականին ՀՀ նախագահի՝ ՆՀ-307-Ա հրամանագրով նշանակվել է Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր:
Գիտամանկավարժական գործունեություն
2005 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում՝ որպես սահմանադրական իրավունքի ամբիոնի դասախոս, իսկ ապա՝ դոցենտ: Դասավանդվող առարկաներն են՝ «ՀՀ վարչական իրավունք», «Մարդու իրավունքների վարչաիրավական պաշտպանությունը ՀՀ–ում», «ՀՀ սահմանադրական իրավունք» և «ՀՀ մունիցիպալ իրավունք»:
2006 թվականից դասավանդում է Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում՝ որպես դասախոս: Դասավանդվող առարկան՝ «ՀՀ վարչական իրավունք»:
2008 թվականից 2017 թվականն աշխատել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտ» ՊՈԱԿ-ում՝ որպես քաղաքացիական ծառայողների վերապատրաստման բաժնի դասախոս:
2012 թվականից 2015 թվականն աշխատել է ՀՀ փաստաբանական դպրոցում՝ որպես դասախոս:
2016 թվականից 2019 թվականը ՀՀ արդարադատության ակադեմիայում իրականացրել է «Դատական կարգադրիչների ծառայության հիմունքներ» ծրագրով դասավանդում:
Պարգևատրվել է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի հուշամեդալով (2014 թ.):
Մասնակցել է մարդու և քաղաքացու իրավունքների պաշտպանությանը նվիրված դասընթացներին՝ Պրահա, Բրյուսել, Ռիգա, Մադրիդ, Փարիզ, Բիշքեկ քաղաքներում:
Հեղինակ և համահեղինակ է երեք գիտական մենագրության և շուրջ երկու տասնյակ հրապարակված գիտական հոդվածների (հայերեն, անգլերեն և ռուսերեն լեզուներով):
Այլ տեղեկություններ
- 2001 թվականից ՀՀ իրավաբանների միության անդամ է:
- Շնորհվել է դատական ծառայության առաջին դասի խորհրդականի դասային աստիճան:
- Ամուսնացած է, ունի երեք զավակ: Անկուսակցական է: