«Ստեփանավանում 2,5 տարեկան երեխայի ցրտահարման դեպքը և՛ առողջապահության, և՛ սոցիալական հարցերի նախարարությունների ուշադրության կենտրոնում է։ Արագ կազմակերպվել է երեխայի բուժօգնության տրամադրումը, մեր սոցիալական բլոկի պատասխանատուները ևս արագ արձագանքել են։ Միասին աշխատում ենք երեխայի շահից ելնելով, իսկ հետագան էլ կկազմակերպվի»,-այս մասին հրավիրված ասուլիսի ժամանակ հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ փետրվարի 21-ին Ստեփանավանի համայնքային ոստիկանը, սոցաշխատակիցը և տեղամասի մանկաբույժը տնային այց են իրականացրել ու պարզել են, որ 59-ամյա Վաչագան Զ․-ի և 33-ամյա Անի Կ․-ի անչափահաս երեխան գտնվում է անխնամ վիճակում, տանը բացակայում են կոմունալ նվազագույն պայմանները, ջեռուցում չկա:
Ծնողները հրաժարվել են երեխային հիվանդանոց տեղափոխել, սակայն շտապօգնությունով փոքրիկին տարել են «Ստեփանավան» ԲԿ։ Երեխայի մոտ ախտորոշվել է «երկկողմանի մանր օջախային թոքաբորբ, զույգ դաստակների և զույգ ոտնաթաթերի առաջին աստիճանի ցրտահարություն»: