ՀՀ քաղաքացին ՌԴ-ում ապօրինի քրեական հետապնդման է ենթարկվում, ենթադրաբար՝ «պատվերով»․ փաստաբաններն ահազանգում են

«Սիմոնյան  և գործընկերներ», «Միքայել Համբարձումյան և գործընկերներ»  իրավաբանական  ընկերությունները հայտարարություն են տարածել՝ նշելով, որ ՀՀ քաղաքացի Տիգրան Խաչատրյանը 2024 թվականի հուլիսի 17-ի գիշերը, լույս 18-ի ժամը 00։10-ին, Մոսկվա քաղաքում բերման է ենթարկվել ՌԴ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից և նույն օրը թիվ 2402450016000096 քրեական գործով ձերբակալվել է ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի հյուսիս-արևելյան ադմինիստրատիվ օկրուգի քննչական մարմնի կողմից՝ կասկածանքով, որ նա պատվիրել է իր դստեր նախկին ամուսնու և նրա հոր սպանության նախապատրաստությունը, ովքեր հանդիսանում են ՌԴ և ՀՀ քաղաքացիներ։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է․ «Տիգրան Խաչատրյանն արդեն ավելի քան 7 ամիս է պահվում կալանքի տակ, նրա մասնակցությամբ քննչական գործողություններ գրեթե չեն իրականացվում, առանց ապացույցներ ներկայացնելու, կրկնվող, շաբլոնային ձևակերպումներով դատարանը պարզապես կալանքի ժամկետներ է երկարացնում։

Տիգրան Խաչատրյանին ձերբակալելուց անմիջապես հետո, մի խումբ անձինք, ովքեր Մոսկվայում ենթադրաբար կազմակերպել են Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը, այսինքն «պատվեր» են տվել, Երևանում բնակվող նրա ընտանքի անդամներից փորձել են շորթել առանձնապես խոշոր չափով գումարներ՝ խոստանալով, հետագայում նպաստել Տիգրան Խաչատրյանի գործի դրական հանգուցալուծմանը։

ՀՀ քննչական կոմիտեն անմիջապես արձագանքելով շորթման այս աննախադեպ դեպքին, նախաձեռնել է թիվ 15145324 քրեական վարույթը, որի շրջանակներում տուժող են ճանաչվել Տիգրան Խաչատրյանը և նրա ընտանիքի երկու անդամները։

ՌԴ քննչականում քննվող քրեական գործում պարզապես չկան ապացույցներ Տիգրան Խաչատրյանի վերաբերյալ, այն ամբողջությամբ կառուցված է շորթումն իրականացնող խմբի հետ ենթադրաբար կապ ունեցող, այսպես ասած դատավարական «գաղտնի» կարգավիճակ ունեցող երկու վկաների կեղծ ցուցմունքների հիման վրա, որոնք ամրապնդված չեն որևէ այլ ապացույցով։

Ըստ ՌԴ իրավապահ մարմնի՝ 2023 թվականի դեկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսի 17-ն ընկած ժամանակահատվածում (այսինքն՝ մինչև ձերբակալումը) Տիգրան Խաչատրյանի նկատմամբ ՌԴ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցների կողմից իրականացվել են ակտիվ օպերատիվ միջոցառումներ, այն բանից հետո, երբ սպանության պատվերը Տիգրան Խաչատրյանից Երևանում իբր ստացած առանցքային «գաղտնի» վկան, զղջալով և հրաժարվելով սպանությունն իրականացնելու մտադրությունից, Հայաստանի իրավապահներին դիմելու փոխարեն, չգիտես ինչու մեկնել է ՌԴ և հաղորդում է տվել տեղի ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներին։

Փաստորեն, Երևանում գտնվող Տիգրան Խաչատրյանի նկատմամբ 7 ամիս շարունակ ՌԴ ոստիկանության քրեական հետախուզության աշխատակիցներն, առանց ՀՀ իրավապահների հետ համագործակցության իրականացրել են գաղտնի օպերատիվ միջոցառումներ, սակայն զավեշտն այն է, որ առ այսօր ՌԴ քննիչը Տիգրան Խաչատրյանին ու նրա պաշտպաններին, ինչպես նաև կալանք տվող դատարանին չի ներկայացրել որևէ ձայնագրություն կամ ռեալ, ծանրակշիռ այլ ապացույց, ինչից կերևար, որ սպանություն է պատվիրվել ու դրա հետ կապ ունի Տիգրան Խաչատրյանը։

Այդպես պարզապես չի լինում, եթե սպանության պատվիրատուի նկատմամբ ամիսներ շարունակ իրականացվում են օպերատիվ միջոցառումներ, այն էլ՝ հաղորդում տված, իբր սպանության կատարումը հանձնառած «գաղտնի» վկայի ներգավմամբ, ուրեմն պետք է լինեն ձայնագրություններ, դրանց իրական լինելու վերաբերյալ փորձաքննությունների եզրակացություններ, այլ ծանրակշիռ ապացույցներ, իսկ եթե դրանք չկան՝ մեղադրանքը կեղծ է, հորինված։

Ռուսաստանում քննվող քրեական գործի ապացույցների տեսանկյունից դատարկությունը, Տիգրան Խաչատրյանի ակնհայտ անմեղությունը, նախկինում ունեցած գույքային պարտքի պատրվակով նրա ընտանիքից այս ընթացքում գումարներ շորթելու փորձը վկայում է, որ Տիգրան Խաչատրյանի նկատմամբ Մոսկվայում պարզապես իրականացվում է «պատվեր», նա հայտնվել է պատանդի կարգավիճակում, ում պահում են ակնհայտ ապօրինի հիմքերով, ենթադրաբար՝ մինչև հանցավոր խմբին կհաջողի շորթել գումարը։

Այս արտառոց դեպքի վրա ենք հրավիրում Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների՝ Գլխավոր դատախազությունների, Քննչական կոմիտեների, հատուկ ծառայությունների, Արտաքին գործերի նախարարությունների և Մարդու իրավունքների պաշտպանների ուշադրությունը, հետևյալ պահանջներով՝

Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններից՝

  • Սեղմ ժամկետում պահանջել և ուսումնասիրել ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ 2402450016000096 քրեական գործը, այն տեղափոխել այլ քննչական մարմնի կամ քննիչի վարույթ։
  • Համոզվելով, որ գործում չկան ձայնագրություններ, սպանության պատվիրման վերաբերյալ այլ ծանրակշիռ ապացույցներ Տիգրան Խաչատրյանին անմիջապես ազատել կալանքից և կիրառել անազատության հետ կապ չունեցող ցանկացած այլ խափանման միջոց՝ ապահովելով նրա ֆիզիկակական անվտանգությունը։
  • Օպերատիվ և քննչական գործողություններով պարզել անդրազգային հանցավոր խմբի բոլոր անդամներին, ովքեր կապ ունեն Տիգրան Խաչատրյանի նկատմամբ «պատվերը» տալու և Մոսկվայում այն իրականացնելու հետ և ենթարկել նրանց քրեական պատասխանատվության։
  • Ուսումնասիրել գործով կեղծ ցուցմունքներ տված «գաղտնի» երկու վկաների անձը, պարզել նրանց շահագրգռվածությունը, դրդապատճառը և կապը «պատվերը» տված ու իրականացնող անդրազգային հանցավոր խմբի հետ։
  • Ակտիվացնել Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմինների հետ համագործակցությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ 15145324 և ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ 2402450016000096 քրեական գործերի շրջանակներում, ինչը թույլ կտա պարզել ճշմարտությունը և վնասազերծել անդրազգային հանցավոր խմբի անդամներին։

Հայաստանի Հանրապետության իրավասու մարմիններից՝

  • ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ 15145324 քրեական գործով ակտիվացնել քննչական-օպրեատիվ միջոցառումները՝ անդրազգային հանցավոր խմբի անդամներին վնասազերծելու նպատակով։
  • Ակտիվացնել Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների հետ համագործակցությունը՝ ՀՀ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ 15145324 և ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ 2402450016000096 քրեական գործերի շրջանակներում։
  • ՌԴ գործընկերներին տրամադրել ենթադրյալ «գաղտնի» երկու վկաների, ինչպես նաև «պատվերը» տված ու իրականացնող անդրազգային հանցավոր խմբի անդամների վերաբերյալ ունեցած տվյալները՝ կեղծ վկայությունները ժխտելու և իրականությունը պարզելու նպատակով։

Հայաստանի Հանրապետությունը պարզապես պարտավոր է կանխել իր քաղաքացու անօրինական դատապարտումը։
Ափսոսանքով ենք փաստում, որ մեզ հասու տվյալների համաձայն, դեռևս 2024 թվականի սեպտեմբերին շորթման դեպքով ՀՀ քննչական կողմիտեի կողմից նախաձեռնված թիվ 15145324 վարույթով և ՌԴ քննչական կոմիտեի վարույթում քննվող թիվ 2402450016000096 քրեական գործով միմյանց միջև փոխգործակցություն հաստատելու փորձ առ այսօր չի արվել, ինչն այս իրավիճակում անթույլատրելի է։

Միայն ՌԴ և ՀՀ իրավապահ մարմինների ազնիվ ու անաչառ համագործակցությամբ է հնարավոր պարզել ճշմարտությունը, հիմնավորել Տիգրան Խաչատրյանի անմեղությունը, ինչպես նաև պատասխանատվության ենթարկել՝ շորթման նպատակով պատվեր տված և իրականացնող անձանց։

Խնդրում ենք իրականացնել ստուգում այս փաստի վերաբերյալ և աջակցել տվյալ քրեական գործի օբյեկտիվ քննությանը:

Այսօր ձևավորված հայ-ռուսական հարաբերությունների պայմաններում ճշմարտության բացահայտումը կարող է հանդիսանալ համագործակցության վառ օրինակ և նպաստել՝ ռուսական իրավապահ մարմինների աշխատանքի նկատմամբ հայ հասարակության վստահության մակարդակի բարձրացմանը»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել