«Խցանումների առաջացման պատճառների երևի թե ուղիղ 80 տոկոսը պայմանավորված էր ամառային անվադողերով ավտոմեքենաների ԱՊՊԱ-ների հետևանքով»б,-այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստի ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«ԱՊՊԱ-ներն առաջանում էին հիմնականում էն ավտոմեքենաների մոտ, որոնք ամառային անվադողերով էին դուրս եկել այդ օրը, չնայած էլ տեղ չէր մնացել, որտեղ հայտարարությունը չտարածվեր, որ Երևան քաղաքում առատ տեղումներ են լինելու»,- նշեց նա:
Որպես մյուս խնդիր Ավինյանը նշեց ԱՊՊԱ համակարագի տրամաբանությունը. «[Տրամաբանությունը սա է]՝ «եկեք մի հատ սենց թեթև իրար քսելու պատճառով ժամերով սպասենք և ստեղծենք կմ-անոց հերթեր»: Եվ մարդիկ մեղավոր չեն, մարդիկ չեն կարող մեղավոր լինել էստեղ: Մարդիկ միգուցե մեղավոր են, որ ամառային անվադողերով են դուրս եկել փողոց, և վստահաբար էդ հանգամանքը եթե հաշվի առնվի, ԱՊՊԱ-ն ինձ թվում ա՝ հարց պետք է առաջացնի փոխհատուցել, թե չէ»:
Տիգրան Ավինյանն ընդգծեց, որ ԱՊՊԱ համակարգը Երևանի համար աղետ է․ «Ամեն իրար թեթև քսած ավտոմեքենաները ժամերով ամբողջ երթևեկությունը կանգնեցնում են: Դա ստեղծել է խնդիր նաև մեր տեխնիկայի համար, որը հենց այդ կարևոր ժամերին պետք է հասներ համապատասխան վայրեր՝ հա, ու ավազ ցանելու»։
Կամո Արեյանն էլ հավելեց, որ Պարեկային ծառայության հետ քննարկել են, որ արձանագրված վթարների գրեթե կեսը եղել է անվադողերի պատճառով, ընդ որում՝ արձանագրել են հատ-հատ, որ ամբողջովին մաշված են եղել ձմեռային սեզոնի անվադողերը, որոնք այս պայմաններում ամենամեծ խոչընդոտն են եղել երթևեկի համար. «Խոչընդոտ դարձավ հենց ավտոբուսների, մյուս տրանսպորտային միջացների երթևեկի համար: Սա ամենամեծ պատճառներից մեկն էր ռելիեֆային փողոցներում՝ Գայի, Մյասնիկյան, Դավիթ-Բեկ և այլ փողոցներում»:
Տիգրան Ավինյանն «արձանագրեց», որ հաջորդ օրը (2025թ. փետրվարի 21-ին) բոլոր կենտրոնական փողոցները մաքրված էին. «Հենց այդ օրն էլ հիմնականում աշխատանքներն արված էին, մատնանշեցի, որ որոշ հատվածներում (Արաբկիրում, Ռուբինյան փողոցում՝ խմբ.) կային խնդիրներ»:
Նա հաձնանարարեց համայնքների ղեկավարներին ստուգել՝ ինչ աշխատանքներ են տարվել. «Եթե աղ ու ավազ տրամադրել ենք համատիրություններին, ինչ է արվել: Պատկերը, որ բակերում տեսնում ենք, այդ տպավորությունը չի լինում [, որ մաքրվել է]»:
Տիգրան Ավինյանը խնդրեց շարունակել աշխատանքները մայթերի և բակերի մաքրման առումով. «Առաջնային և երկրորդային փողոցներում մենք էական խնդիր չունենք նաև ձեր ջանքերի շնորհիվ, ԵԱՍՄ հիմնարկի ջանքերի շնորհիվ, Կանաչապատման մեր գործընկերների ջանքերի շնորհիվ, Ձեզ էլ շնորհակալություն, պարո՛ն Արեյան, Պարեկային ծառայությանը շնորհակալություն, որ ամբողջ ընթացքում մեզ աջակցել են, Փրկարար ծառայությանը շնորհակալություն, բոլոր այն մարդկանց, որոնք այս ընթացքում մասնակցություն են ունեցել»:
Հիշեցնենք, որ փետրվարի 20-ին ձյան առատ տեղումներ էին ՀՀ ամբողջ տարածքում, այդ թվում՝ Երևան քաղաքում: Տեղումների պատճառով քաղաքը գերծանրաբեռնված էր, ավտաբուսների վարորդները չէին վարում մեքենաները կամ երթուղու կեսից իջեցնում էին ուղևորներին, քաղաքացիների մեծաթիվ կուտակումներ էին կանգառներում:
Չնայած Երևանի քաղաքապետը ֆեյսբուքյան մի շարք տեսաուղերձներով հայտնում էր, որ իրականացվում են ձնամաքրման աշխատանքներ, ԶԼՄ-ները, ինչպես նաև քաղաքացիները ֆիքսում էին, որ աշխատանքները կա՛մ չեն իրականացվում, կա՛մ թերի են իրականացվում:
Միաժամանակ, պայմանավորված ստեղծված իրավիճակով, ԿԳՄՍ նախարարությունը փետրվարի 20-ի երեկոյան հայտարարեց, որ դպրոցներում դասապրոցես չի լինի փետրվարի 22-ին (այսօրվանից այն վերականգնվել է), մի շարք բուհեր ևս հայտնեցին, որ դաս չի լինի:
Առողջապահության նախարարությունն էլ հայտարարեց, որ ձյան պատճառով ընկնելու հետևանքով վնասվածքներ ստանալու դեպքում բուժման հետ կապված ծախսերը փոխհատուցելու են պետական պատվերի ծավալով՝ անկախ սոցիալական կարգավիճակից: