Պահատվության պայմանագրով մի կողմը (պահառուն) պարտավորվում է պահել մյուս կողմի (պահատուի) կողմից իրեն հանձնված գույքը և այն վերադարձնել պահպանված վիճակում:
Պահատվության պայմանագրով, որտեղ պահառուն, որպես իր մասնագիտական գործունեության նպատակներից մեկը` պահատվություն իրականացնող առևտրային կամ ոչ առևտրային կազմակերպություն է (արհեստավարժ պահառու), կարող է նախատեսվել պահատուի գույքը պայմանագրով նախատեսված ժամկետում ի պահ վերցնելու պահառուի պարտականությունը:
Պահատվության պայմանագրով ուղղակի նախատեսված դեպքերում, մեկ պահատուի ի պահ ընդունված գույքը կարող է խառնվել այլ պահատուներից նույն տեսակի և որակի ի պահ ընդունած գույքի հետ (դիմազրկմամբ պահատվություն): Այդ դեպքում պահատուին վերադարձվում է հավասար կամ կողմերի պայմանավորված քանակությամբ նույն տեսակի և որակի գույք: