ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախկին նախագահ Վահագն Վերմիշյանին առաջին դրվագով մեղադրանք է առաջադրվել պաշտոնական լիազորությունները չարաշահելու համար, ինչը վերաբերյալ ևս պաշտպանության կողմը վճռաբեկ բողոք է ներկայացրել։
Iravaban.net-ին վերջինիս պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևը հայտնեց՝ չնայած նրան, որ ըստ գործի նյութերի առաջին դրվագով նշվում է, որ Վերմիշյանը իրավունք չի ունեցել Նատալյա Չեռնիկովային աշխատանքի ընդունելու, և վերջինս էլ Քաղաքաշինության կոմիտեում իր պաշտոնից բխող որևէ աշխատանք չի կատարել, դրա դիմաց համապատասխան վարձատրություն ստացել, սակայն գործի քննության ընթացքում եղել են առնվազն մի քանի ցուցմունքներ, որոնք հավաստել են՝ Նատալյա Չեռնիկովան զբաղվել է կոմիտեի կարևոր մեգանախագծերով։
Ըստ Ալեքսանդր Կոչուբաևի պնդման՝ «Աշխատանքի չարաշահման մասով Չեռնիկովային ևս մեղադրանք է առաջադրվել, ԱԱԾ քննիչը վերացրել է վերջինիս խափանման միջոցը, Ռուսաստանի դեսպանատան միջոցով Չեռնիկովան դուրս է բերվել երկրից՝ այդպիսով հնարավորություն չտալով հարցաքննել վերջինիս և տեղեկանալ, թե նա ինչ աշխատանքներ է կատարել»։
Վահագն Վերմիշյանի պաշտպանը նշում է, որ ԱԱԾ-ն զննության է ենթարկել նաև Չեռնիկովայի համակարգիչը, սակայն այդ արձանագրությունը չի տրամադրել պաշտպանության կողմին։
Պաշտպանի խոսքով Վերաքննիչ դատարանը չի բավարարել իր կողմից ներկայացրած միջնորդությունը՝ զրկելով ցուցմունքի միջոցով Նատալյա Չեռնիկովային լսելու իրավունքից։
Հիշեցնենք՝ Վահագն Վերմիշյանն առաջադրված մեղադրանքի բոլոր դրվագներով իրեն մեղավոր չի ճանաչել և արդարացում է պահանջել։
Մանրամասները՝ տեսանյութում։