Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց, սակայն նա իրեն մեղավոր չի ճանաչում

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը մեղավոր ճանաչվեց և ազատազրկվեց 4 տարի 4 ամիս ժամկետով։ Հակակոռուպցիոն դատարանը, նախագահությամբ դատավոր Սարգիս Դադոյանի, այսօր՝ հունվարի 29-ին, հրապարակել է վերդիկտը։

Հաշվակցելով Ասլանյանի՝ կալանքի տակ անցկացրած (2 տարի 7 ամիս) ժամկետը, դատարանը նրան դատապարտեց 1 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման։ Դատարանը Մամիկոն Ասլանյանին մեղավոր ճանաչեց պաշտոնավարման տարիներին կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։

Վերջինիս նկատմամբ ընտրված այլընտրանքային խափանման միջոց գրավը թողնվեց անփոփոխ, նաև նշանակվեց 500 հազար դրամի չափով տուգանք։ Ասլանյանը 3 տարի ժամկետով զրկվեց հանրային պաշտոն զբաղեցնելու հնարավորությունից։

Դատավճի օրինական ուժի մեջ մտնելուց հետո Մամիկ Ասլանյանը չի կարողանա պաշտոնավարել որպես Վանաձորի քաղաքապետ։ Նա լրագրողների հետ զրույցում հայտնել է՝ դատավճիռը բողոքարկվելու է։

«Քանի մեր հայաստանյան դատարանները չեն սպառվել, պիտի բողոքարկենք։ Էս երկրում այնքան բան եմ տեսել, որ ցանկացած լավ, ցանկացած վատ բան ես ակնկալում եմ, որովհետև ո՛չ իրավական, ո՛չ բարոյական, ո՛չ մարդկային, ո՛չ օրենքի տրամաբանություն չկա ոչ մի գործողության մեջ, հետևաբար, ես ամեն ինչ էլ ակնկալում էի, սպասում էի ամենավատից մինչև ամենալավը, ես նույնիսկ մի փոքր իրավաբան լինելով հանդերձ մի փոքր հույս էի փայփայում, էս վերջին ամիսների ընթացքում իմ ազատության մեջ հայտնվելուց հետո նույնիսկ մի քիչ փորձել էի կարգավորել դատական նիստերի ընթացքը, որպեսզի ավելորդ ինչ-որ քաղաքական և այլ ճնշում դատարանի վրա չլինի»,-ասել է Մամիկոն Ասլանյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ժամանակ։

Հարցին, թե արդյոք Ասլանյանը տեսնում է որևէ քաղաքական ճնշում դատարանի վրա, նա ասաց․ «Տեսնում եմ, որ դատավորը կաշկանդվածություն ունի և ուներ, նրա հուզական վիճակից էլ էր երևում, և դատական քննության որևէ փուլում որևէ ապացույց, որևէ մատնանշում, ակնարկ չի եղել իմ մեղավորության հետ կապված»։

Նա պնդեց՝ պետական մեքենան, ուժային կառույցները լծվել են այն գործին, որպեսզի ինքը չկարողանա պաշտոնավարել, ասաց՝ այն երկրում, որտեղ չկա անկախ դատական-իրավական համակարգ, չի կարող և օրինականություն լինել։

Հիշեցնենք, որ Մամիկոն Ալսանյանը մեղադրվում է պաշտոնավարման տարիներին ենթադրյալ կեղծ փաստաթղթեր կազմելու միջոցով Վանաձորի հողերն օտարելու համար։ Ըստ մեղադրական եզրակացության՝ Սուրեն Աբովյանն օժանդակել է պաշտոնատար անձ հանդիսացող Վանաձոր համայնքի ղեկավար Մամիկոն Ասլանյանի կողմից պաշտոնական լիազորություններն անցնելուն և պաշտոնական կեղծիք կատարելուն:

Ասլանյանն իրեն առաջադրած մեղադրանքները երբևէ չի ընդունել և բոլոր դրվագներով արդարացում պահանջել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել