Արտահանման խթանման նպատակով մաքսատուրքի չափով աջակցություն կտրամադրվի

Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Առողջապահության որակի բարելավման ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Առողջապահության ոլորտի զարգացումը ՀՀ կառավարության հիմնական առաջնահերթություններից է: Կառավարության քաղաքականությունն ուղղված է անհատի և հանրային առողջության պահպանմանն ու բարելավմանը` ապահովելով հասանելի, արդիական, բարձր որակի առողջապահական ծառայությունների մատուցում: Բուժսպասարկման որակի բարելավումն իր հերթին պահանջում է բարեփոխումների իրականացում որակի ապահովման բոլոր տարրերի (ենթակառուցվածքների, սարքավորումների, մարդկային ռեսուրսների և էլեկտրոնային առողջապահության) շրջանակներում ծառայությունների հասանելիության ապահովման, բուժսպասարկման որակին առնչվող գործընթացների բարելավման, ինչպես նաև ծառայությունների արդյունավետության չափելիության բարձրացման նպատակով:

Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) կողմից առաջարկվող արդյունքահեն վարկավորման (RBL) ծրագրով նախատեսվում է ներգրավել 45.3 մլն եվրո արժողությամբ վարկ, որն ուղղվելու է՝ առողջապահական հաստատությունների կառուցմանն ու բարելավմանը, առողջապահական ծառայությունների որակի գնահատման և հաշվետվողականության թվայնացմանը և ինստիտուցիոնալացմանը, բժշկական հաստատությունների լիցենզավորմանը, առողջապահության ոլորտի մարդկային կապիտալի զարգացմանը, հեռաբժշկության պիլոտային ծրագրի իրականացմանը, էլեկտրոնային առողջապահության գործիքների կիրառության բարելավմանը:

Արձագանքելով որոշման ընդունմանը՝ Մհեր Գրիգորյանը նշել է, որ անհրաժեշտ է կոմունիկացնել հանրությանը, քանի որ թվայնացումն ինքնանպատակ չէ: Ըստ փոխվարչապետի, որքան շատ թվային տվյալներ լինեն մարդու առողջության վերաբերյալ, այնքան բուժհաստատությունների ծառայությունները կլինեն բարձր որակի, արագ և ավելի մատչելի: «Մեր գերնպատակը մարդու առողջությունն է, և եթե չթվայնացնենք, չենք կարողանալու լիարժեք ծառայությունների մատուցում կազմակերպել. և՛ տևողությունն ավելի երկար կլինի, և՛ ախտորոշումը»,-հավելել է փոխվարչապետը: Մհեր Գրիգորյանը նաև ընդգծել է, որ ոլորտի թվայնացման հիմնական նպատակն այն է, որ մատուցվող ծառայությունները լինեն որակյալ և թիրախային, և այդ իմաստով՝ անկախ կազմակերպաիրավական ձևից և սեփականության ձևից, առողջապահական ծառայություն մատուցողը պետք է թվային կապ ունենա ընդհանուր համակարգի հետ և տեղեկատվություն փոխանակի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել