«Պետք է ուշացման համար ներողություն խնդրեք»․ Յուրի Խաչատուրովը՝ դատավորին

Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը այսօր՝ հունվարի 23-ին, մեկնարկեց նշանակված ժամից շուրջ կես ժամ ուշացումով։ Նախագահող դատավոր Սարգիս Պետրոսյանն ասաց, որ գործում ներգրավված թարգմանիչը հայտնել է, որ կուշանա, այդ պատճառով նիստը ուշ սկսվեց։ Ինչպես նաև հայտնեց, որ եթե դատավարության մասնակիցները դեմ չեն կարող են նիստը սկսել մինչև թարգմանչի գալը։ Կողմերը նշեցին՝ դեմ չեն նիստը սկսել։

Ամբաստանյալ Յուրի Խաչատուրովը խոսքի իրավունք խնդրեց և դիմեց դատարանին։

«Մենք, նույնիսկ նիստերի քարտուղարը, ժամը 10-ին այստեղ էինք։ Կես ժամ ուշացաք, երբ է սա ավարտվելու, ինչքա՞ն կարելի է սպասել։ Կամ կողմնորոշվեք կամ նիստը նշանակեք 10-ից 10։30 ընկած ժամանակահատվածում։ Ասում եք՝ 10-ին, ուրեմն 10-ին եկեք նստեք ու սկսեք։ Այս ի՞նչ չկողմնորոշվածություն է։ Դուք մտաք, նույնիսկ ներողություն չխնդրեցիք, որ ուշացել եք, ընդունված է այդպես, պետք է ներողություն խնդրել։ Նույնիսկ հասարակ մարդկանց մոտ է դա ընդունված, Դուք դատավոր եք, առավել ևս պետք է այդպես լիներ»,-ասաց Յուրի Խաչատուրովը։

Դատավորն ասաց, որ ինքը սկզբում հայտնեց, թե ինչու նիստ մեկնարկեց ուշացումով, նաև ընդգծեց, որ Յուրի Խաչատուրովի մտահոգությունը դատարանի համար ընդունելի է։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել