«Ինձ երևի լավ չեք ճանաչում, ես շոուների սիրահար չեմ․ թեման համարենք փակված»․ նախարարը՝ լրագրողին

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի ամփոփիչ ասուլիսին լրագրողը հարց ուղղեց՝ հիշեցնելով Նիկոլ Փաշինյանի կողմից մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ ՆԳ նախարար Վահե Ղազարյանին sms գրելու և աշխատանքի հեռացնելու պահանջը, ասաց, որ Արփինե Սարգսյանը այժմ նշանակվել է, որպեսզի ուժեղացնի կառույցը, և վերջինս հայտնի է մի քանի «շոուներով»։

Նա նաև հարց ուղղեց ավտոշարասյուների, նախկին պատգամավոր Նահապետ Գևորգյանի որդու «ցուցադրաբար» ձերբակալման մասին, ասաց՝ այժմ պետության ներսում «բանդա է գործում»։

Այս հարցադրմանն ի պատասխան Արփինե Սարգսյանն ասաց․ «Կարծում եմ՝ ինձ երևի լավ չեք ճանաչում, որովհետև ես ո՛չ շոուների սիրահար եմ, ո՛չ էլ առավել ևս որևէ դրվագից ինչ-որ խուսափող կամ արձագանք տալու վճռականություն չունեցող անձ եմ, հետևապես շոուների թեման համարենք փակված, որովհետև նմանատիպ գործելաոճ առնվազն ես չունեմ։

Ոստիկանությունն ունի կոնկրետ գործառույթներ տարբեր պրոցեսներով, կարող է տարբեր միջոցառումների տարբեր մեթոդաբանական վերաբերմունքներ ցուցաբերել, տարբեր օպերացիաների կարող են մասնակցել հատուկ նշանակության ստորաբաժանումները։ Ցանկացած դրվագ, որը կանվանեք շոու, առաջարկում եմ մեկնաբանել իմ ասած նոր մեկնաբանության տրամաբանության մեջ։

Երկրորդ հարցի վերաբերյալ նախարարը ասաց՝ կոնկրետ դրվագով քրեական գործ հարուցված լինելու կամ չլինելու մասին տեղեկատվություն չունի։

Չհամաձայնելով նախարարի հետ՝ լրագրողը շարունակեց լարված արձագանքել Սարգսյանի տված պատասխանին, որից հետո նախարարը կրկին նշեց․ «Ես առաջարկում եմ չբորբոքվել, որովհետև Դուք հարց եք տալիս, ես արձագանքում եմ։

Ավտորաշարասյուների վերաբերյալ ուզում եմ նշել՝ տարբեր դրվագներով ոստիկանությունը կարող է ունենալ օպերատիվ տվյալներ, այդ թվում՝ զենք-զինամթերքի կամ թմրամիջոցի առկայության մասով, և այդ օպերատիվ տվյալը չիրացնել հնարավոր և օբյեկտիվ չէ, հետևապես եթե կան մարդիկ, որոնք ավտոշարասյունով  են պտտվում ՀՀ-ում, սրան ևս պիտի վերաբերմունք ցուցաբերվի, այսինքն՝ ոչ թե խնդիրը ավտոշարասյունն է, այլ այն, որ եթե կա նման անձ, ընդ որում, կտրվելով բոլոր նախկին և ներկա պաշտոնատար անձանց անուն, ազգանուններից, այստեղ համակեցության կանոնների տրամաբանության մեջ մենք պիտի մեզ հարց տանք՝ անձն ինչու է ավտոշարասյունով պտտվում կամ ինչու է պահնորդական  ծառայություն ձեռք բերում, կամ ինչու են մեքենայի մեջ առկա թեկուզև զենք ունեցող մարդիկ, սա նաև նշանակում է՝ տվյալ անձը ցանկանում է իր անվտանգային միջավայրը լավ տեսնել։

Նմանատիպ ծառայություններից օգտվող կամ օրինական զենք ունեցող անձինք ոստիկանության տեսադաշտում են։

․․․Ներկա իշխանության մյուս անդամները, որոնք ունեն համանման ձևաչափով տեղաշարժման պրոցես, նրանք օգտվում են ՊՊԾ-ի կողմից տրամադրված անվտանգությունից, դա իրավական է, լեգալ է, և հատկացվում է կոնկրետ պաշտոնական անձին՝ հաշվի առնելով կոնկրետ օրենսդրական կարգավորումները»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել