Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումները կազմակերպվում են բնակչությանը կամ կազմակերպություններին ծառայություններ մատուցելու նպատակով:
Մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումներ կարող են կատարել տվյալ փոխադրումների և տեխնիկական վիճակի պահանջներին համապատասխան ավտոտրանսպորտային միջոցներ ունեցող կազմակերպությունները և (կամ) անհատ ձեռնարկատերերը` լիցենզիայի առկայության դեպքում:
Հայաստանի Հանրապետության տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով փոխադրումների կազմակերպման կարգը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն`
ա) տաքսամետրով (սակաչափիչով).
բ) զբաղված լինելը (չլինելը) արտահայտող լուսացուցիչներով.
գ) տաքսի-ծառայություն մատուցող կազմակերպության և տվյալ տրանսպորտային միջոցի վարորդի մասին տեղեկատվությունով:
Տաքսամոտորային փոխադրումներն իրականացնողների ավտոտրանսպորտային միջոցները թափքի կողային մասում պետք է ունենան շախմատաձև տարբերանշմամբ գծանշում:
Երկդռնանի (չհաշված բեռնախցիկի դուռը), աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ, ձեռքի միջոցով արգելակային կառավարմամբ թեթև մարդատար ավտոմոբիլներով տաքսամոտորային փոխադրումների կազմակերպումն (իրականացումը) արգելվում է:
Մարդատար-տաքսի ավտոմոբիլների նստեցումները կատարվում են`
ա) տաքսի ավտոմոբիլների համար հատուկ նախատեսված կանգառներում.
բ) ճանապարհափողոցային ցանցի տեղամասերում, որտեղ թույլատրված է համապատասխան ավտոտրանսպորտային միջոցների կանգառը.
գ) ուղևորների պատվերով` ուղևորի նշված վայրում: