Ծառայողական բնակելի տարածություններն անհատույց օգտագործման իրավունքով հատկացվում են պետական սեփականություն հանդիսացող և պետական կառավարման մարմնի հաշվեկշռում գտնվող շենքերից: Ծառայողական բնակելի տարածությունները հատկացվում են` հաշվի առնելով բնակարանային հաշվառման մեջ գտնվելու ամսաթիվը` առաջնահերթությունը տալով` Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակից զինծառայողերին.
1. 10 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող զինծառայողներին.
2. 5 տարի և ավելի ծառայության ժամկետ ունեցող և պաշտոնի առաջխաղացման հեռանկար ունեցող զինծառայողներին.
3. հաշմանդամ ընտանիք կամ ընտանիքի հաշմանդամ անդամ ունեցող զինծառայողներին.
4. երկվորյակ, եռյակ և ավելի երեխաներ ունեցող զինծառայողներին:
Ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված` պետական կառավարման մարմնի ղեկավարի կամ նրա տեղակալի համաձայնությամբ համապատասխան ստորաբաժանումը զինծառայողներին ծառայողական բնակելի տարածությունները հատկացնում է անկախ նրանց` բնակարանային հաշվառման մեջ գտնվելու և բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու հանգամանքից` զինծառայողի դիմումի հիման վրա: Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված բնակելի տարածություններն առանց այլ բնակելի տարածք տրամադրելու ազատվում են, եթե զինծառայողն ազատվել է ծառայությունից` բացառությամբ առողջության, տարիքի, երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ ազատվելու դեպքերի կամ, երբ իր դիմումի համաձայն ծառայությունից ազատված զինծառայողն ունի առնվազն ութ տարվա զինվորական ծառայության ստաժ: