Տարոն Մարգարյանը պարգևատրել է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ընդունել է աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկուն: Նա  Հայաստանում  է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի առիթով, որը մեկնարկել է իր 80-ամյակին նվիրված համերգաշարով: 

Բարձր գնահատելով համաշխարհային երաժշտարվեստում Պենդերեցկու ներդրած ավանդն ու անբասիր ծառայությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է կոմպոզիտորի երևանյան համերգների անցկացումը, հատկապես՝ երիտասարդ կատարողների  կատարելագործման տեսանկյունից: 

Հյուրին ներկայացնելով Երևանի և Վարշավայի միջև ձևավորված համագործակցության հեռանկարները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2013-ի ամռանը Երևանի և Վարշավայի քաղաքապետերը ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պատրաստակամ են զարգացնելու բարեկամությունն ու խրախուսելու Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։ 

Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու մայրաքաղաքների միջև մշակութային համագործակցության ընդլայնման  մասով  ակնկալում է նաև մաեստրոյի աջակցությունը: 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ հանդիպման շրջանակում քաղաքապետ Տարոն Մարգարյանը երաժշտության բնագավառում ունեցած մեծ նվաճումների, երևանյան երաժշտական կյանքում ներդրած ավանդի համար և աշխարհահռչակ կոմպոզիտորի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ Քշիշտոֆ Պենդերեցկուն  պարգևատրել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշխարհահռչակ կոմպոզիտորն անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար: 
Քշիշտոֆ Պենդերեցկին շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին աջակցելու համար:

Իրավաբան.net

 

 

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել