Հաշվի առնելով սոցիալ-տնտեսական հիմնական ցուցանիշների կրկնակի աճը և աշխատանքի ծավալի ու հարկային բեռի մոտ քառակի աճը, առաջարկվում է համապատասխանաբար բարձրացնել նաև նոտարների կողմից մատուցվող ծառայությունների սակագները՝ միաժամանակ նախատեսելով այնպիսի դրույքաչափեր, ինչը հնարավորություն կտա շատ չծանրացնել բնակչության ֆինանսական բեռը: Նման նախագիծ է հանրային քննարկման ներկայացրել Արդարադատության նախարարությունը։
Նախագծի ընդունման կապակցությամբ նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների ավելացում՝ հարկային եկամուտների ձևով:
«Մասնավորապես.
2023 թվականին նոտարներին վճարվել է շուրջ 3 միլիարդ 470 միլիոն ՀՀ դրամ ծառայության վճար, որից վճարվել է 10 տոկոս հարկ՝ շուրջ 347 միլիոն ՀՀ դրամ: Ինչպես նշվեց, 2025 թվականի հունվարի 1-ից նոտարները վճարելու են 38 տոկոս հարկ: Նոտարների ծառայությունների սակագները առաջարկվող դրույքաչափերով բարձրացնելու արդյունքում (նվազագույնը 50 տոկոս) մոտավոր հաշվարկով նախատեսվում է ստանալ շուրջ 5 միլիարդ ՀՀ դրամի չափով ծառայության վճար (3,5 միլիարդ + 50%), որից նոտարները կվճարեն 38 տոկոս հարկ՝ շուրջ 2 միլիարդ ՀՀ դրամի չափով: Ստացվում է, որ փոփոխությունների դեպքում ակնկալվում է հավաքագրել շուրջ 1 միլիարդ 600 միլիոն ՀՀ դրամի չափով լրացուցիչ եկամուտ (դրական տարբերությունը՝ 2 մլրդ – 347 մլն)»,-նշվում է հիմնավորման մեջ:
Նախագծով առաջարկվում է թարմացնել նոտարական ծառայությունների համար սահմանվող սակագները՝ համապատասխանեցնելով դրանք սոցիալ-տնտեսական իրավիճակին, ծառայությունների համար սակագները կաճեն մոտ 50 տոկոսով, նոր ծառայությունների համար նոր սակագների կսահմանվեն՝ դրանց տնտեսական հիմքերի ապահովմամբ։
Ակնկալվող արդյունքներն են նոտարական ծառայությունների որակի բարելավումը և համակարգի արդյունավետության բարձրացումը, նոտարական գրասենյակների նյութատեխնիկական ապահովվածության և աշխատակիցների սոցիալական երաշխիքների ամրապնդումը, պետական բյուջեի հավելյալ հարկային եկամուտների ակնկալվող աճը՝ մինչև 1.6 մլրդ դրամի չափով։