Հարցեր, որոնց համապարփակ եւ փոխկապակցված պատասխանը ոչ մի վիճակագրություն մեզ չի տա. նման գրառում է կատարել Նիկոլ Փաշինյանը։
«1. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ բողոքում է ջրամատակարարման որակից եւ ծավալից:
2. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ մագնիս է դնում ջրաչափի վրա:
3. Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ ջրաչափ տեղադրելուց հրաժարվում է կտրականապես, սպառնալով ջրաչափ տեղադրելու հարկադրանքի դեպքում կտրուկ եւ վճռական քայլերի դիմել:
4.Հայաստանի Հանրապետությոնում քանի՞ հոգի կա, որ հայտարարում է, որ ամբողջ ձմեռ ծորակը բաց է թողնելու, որովհետեւ սառում է. եթե որեւէ մեկը իր այս իրավունքը վիճարկի, ինքը կդիմի կտրուկ եւ վճռական գործողությունների:
5.Հայաստանի Հանրապետությունում քանի՞ հոգի կա, որ սափրվելիս կամ ատամ լվանալիս ծորակը բաց է թողնում, ընդ որում՝ ամբողջ թողունակությամբ եւ ոչ թե բացում-փակում է ըստ անհրաժեշտության:
Միայն չասեք, թե երկրում էնքա՜ն կարեւոր հարցեր կան, իսկ վարչապետը էս ինչ է ասում: Չկա ավելի կարեւոր հարց, որովհետեւ բոլոր արտաքին, ներքին, քաղաքական, տնտեսական, կառավարչական, անվտանգային հարցերը բխում են այստեղից, նրանից թե ինչպես ենք մենք վերաբերվում մեր ջրին, մեր սննդին, մեր բակին, մեր աշխատանքին, մեր պրոբլեմին: Մեր կյանքին ընդհանրապես:
Մենք ուզում ենք աշխարհում բոլորը մեզ լավ վերաբերվեն: Բայց ինքներս մեզ լավ չենք վերաբերվում: Սրա համար արդարացում՝ ինչքան ուզեք: Հատորներով կարելի է գրել, կամ արդեն իսկ գրված է հատորներով: Բայց սրանից իրականությունը չի փոխվում:
Սիրում եմ բոլորիդ: Սա էլ՝ որեւէ հանգամանքի ազդեցության ներքո չի փոխվում»,-գրել է նա։