ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվելու է բաց մրցույթ: Այս մասին տեղեկանում ենք azdarar.am-ից։
«ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալ կարող է նշանակվել «Դատախազության մասին» օրենքի 33-րդ, 34-րդ և 36-րդ հոդվածներով նախատեսված պահանջները բավարարող անձը:
ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացվող բաց մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենք (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝
- դիմում՝ ուղղված ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի նախագահին (ձևը կարելի է լրացնել նաև տեղում),
- անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
- բարձրագույն իրավաբանական կրթությունը հավաստող փաստաթուղթ (օտարերկրյա պետությունում բարձրագույն կրթություն ստացածների համար՝ փաստաթուղթ նրանց կրթության որակավորման աստիճանների համարժեքության և դիպլոմների ճանաչելիության մասին, ինչպես նաև օտարալեզու փաստաթղթի նոտարական կարգով հաստատված թարգմանությունը) պատճենով (պատճեններով),
- հավակնորդի կենսագրական տվյալները պարունակող քարտ՝ իր կողմից իրավաբանի կոչում ձեռք բերելուց հետո իրականացված մասնագիտական իրավաբանական գործունեության նկարագրությամբ՝ կցելով համապատասխան ապացույցներ (այդ թվում՝ պաշտոնի անձնագիր կամ այլ փաստաթղթեր, որոնք հավաստում են մասնագիտական իրավաբանական ստաժ դիտարկվող աշխատանքում աշխատանքային պարտականությունները)
- ինքնակենսագրություն,
- արական սեռի հավակնորդի համար՝ նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայություն անցած լինելու կամ օրենքով նախատեսված կարգով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված լինելը կամ տարկետում ունենալը հավաստող փաստաթուղթ (փաստաթղթեր)` պատճենով (պատճեններով),
- դատախազի պաշտոնում նշանակմանը խոչընդոտող ֆիզիկական արատների և հիվանդությունների բացակայության մասին ՀՀ կառավարության սահմանած կարգով տրված փաստաթուղթ,
- իրավաբանական գիտությունների թեկնածուի կամ դոկտորի գիտական աստիճանի առկայությունը հավաստող փաստաթուղթ (եթե հավակնորդը իրավաբանական գիտությունների թեկնածու կամ դոկտոր է), իսկ առկայության դեպքում` նաև գիտական գործունեության առնվազն չորս տարվա ստաժի առկայությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով (պատճեններով),
- տեղեկանք ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից՝ միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու վերաբերյալ,
- մեկ լուսանկար 3X4 չափսի,
- «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքով նախատեսված բարեվարքության վերաբերյալ լրացված հարցաթերթիկ: Հարցաթերթիկը լրացնելու համար անհրաժեշտ է մուտք գործել հղումով, իսկ հարցաթերթիկը լրացնելու կարգին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով հղումով և հետևելով հարցաթերթիկի էլեկտրոնային լրացման ցուցումներին, լրացնել այն և տպված ու ամեն էջը ստորագրված տարբերակով ներկայացնել ՀՀ գլխավոր դատախազություն, իսկ դրա էլեկտրոնային ֆայլն ուղարկել [email protected] էլեկտրոնային փոստին: Հարցաթերթիկը լրացնելու հետ կապված հարցեր առաջանալու դեպքում կարելի է զանգել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով 012-77-77-28 հեռախոսահամարով:
Հավակնորդը կարող է ներկայացնել երաշխավորագրեր, որոնք, իր կարծիքով, կարող են նշանակություն ունենալ ընտրության գործընթացում.
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են մինչև 2024թ. դեկտեմբերի 25-ը` ժամը 15։00-ն ներառյալ:
Մրցույթն անցկացվելու է դիմումների ընդունման վերջնաժամկետից հետո մեկամսյա ժամկետում:
Մրցույթը տեղի է ունենալու ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5):
Մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է ՀՀ դատախազության անձնակազմի կառավարման վարչությունը (ք. Երևան, Վազգեն Սարգսյան 5, հեռ.՝ 010-511-538, էլեկտրոնային փոստի հասցե՝ [email protected] ):
ՀՀ գլխավոր դատախազի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն ուղղված գործառույթների ոլորտը համակարգող տեղակալի թեկնածությունների ցուցակը համալրելու համար բաց մրցույթի անցկացման կարգը հասանելի է ՀՀ դատախազության պաշտոնական ինտերնետային կայքում հետևյալ հղումով»,-նշվում է հայտարարության մեջ։