Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում դատավոր Վարդան Ստեփանյանի նախագահությամբ շարունակվում է նախկինում չդատված 26-ամյա Լուսինե Կիրակոսյանին առաջադրված մեղադրանքի քննությունը:
Վերջինս, 2011թ. սեպտեմբերի 26-ից, աշխատելով «Նաիրիի Ինշուրանս» ԱՍՊԸ-ում որպես գործակալ և գործունեություն ծավալելով Աբովյան քաղաքում՝ 2012թ. հոկտեմբերի 1-ից մինչև 2013թ. մայիսի 31-ը ընկած ժամանակահատվածում իրեն վստահված «Նաիրիի Ինշուրանս» ՍՊԸ-ի քաղաքացիների ավտոմեքենաներն ապահովագրման արդյունքում հավաքված գումարները յուրացրել է՝ «Նաիրիի Ինշուրանս» ԱՍՊԸ-ին պատճառելով խոշոր չափերի՝ 1.981.804. ՀՀ դրամի նյութական վնաս:
Դատական տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին:
Մեղադրանքն առաջադրվել է ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով:
Այսինքն՝ խոշոր չափերով յուրացնելը կամ վատնելը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից հազարապատիկի չափով՝ 500 հազար-1 միլիոն դրամ կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Իրավաբան.net-ում դատական գործերով անցնող անձանց անունները հասկանալի պատճառով ներկայացվում են փոխված, իսկ լուսանկարները կարող են չհամընկնել իսկականի հետ:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: