Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չի դնի։ Այս մասին պատգամավորը հայտնել է 24News-ին տված հարցազրույցում։
Նա նշել է, որ ընկերների հետ շփման արդյունքում եկել է եզրահանգման․ «Ինչպես գիտեք՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ինձ դիմել է խնդրանքով՝ վայր դնել մանդատը բոլորիս հայտնի դեպքերի պատճառով։ Խոր ափսոսանքով եմ նշում, որ ստիպված եմ մերժել վարչապետի խնդրանքը։ Իմ կյանքի ծանրագույն որոշման համար, ի թիվս այլ հիմնավորումների, որոնք կարող են և սուբյեկտիվ լինել, հիմք են հանդիսացել այս 2 հիմնավորումները․ առաջին՝ ԱԺ լսումների ժամանակ պարոն Քյարամյանը հրապարակավ հայտարարեց, որ իրեն միջնորդել եմ որդուս մասնակցությամբ ընկերության նկատմամբ քրեական վարույթի գործով։
Այդ միջադեպի առիթով հարուցված է քրեական վարույթ։ Երկրորդ՝ քրեական վարույթ է հարուցված խոշոր և մանր եղջերավոր անասունների արտահանման գործով, որտեղ ես ներգրավված եմ որպես վկա։ Եթե ես ընդունեի վարչապետի խնդրանքը, ապա հետագայում, երբ այդ վարույթների ավարտին պարզվի, որ ես մեղավորություն չունեմ, հասարակության մեջ կարող է տպավորություն ստեղծվել, որ ինձ ինչ-որ գործարք են առաջարկել, և ես գնացել եմ այդ գործարքին։ Եթե ապացուցվի, որ ես մեղավոր եմ, կզրկվեմ պատգամավորական մանդատից»։