Նախատեսվում է փոխել ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը և սահմանել կատարման ստանդարտ

Կառավարությունն առաջարկություն է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ: Գործադիրը հավանություն է տվել առաջարկությանը, որն սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի աշխատակազմ:

Պատգամավորական նախաձեռնությունը, որը շրջանառության մեջ են դրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և սպորտի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և նույն հանձնաժողովի տեղակալ Թագուհի Ղազարյանը, Կառավարության նիստին ներկայացրել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի, սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը: Օրինագծով առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի մեկ պաշտոնական տարբերակ։

«Առաջարկվում է սահմանել ՀՀ օրհներգի 1 պաշտոնական տարբերակ ՀՀ-ում և միջազգային հարթակներում պաշտոնական և ներկայացուցչական տարաբնույթ միջոցառումների և օրենքով սահմանված այլ դեպքերի համար: Եթե գործող օրենքով պարտադիր էր օրենքի կատարումը դպրոցներում և բուհերում, ապա նախատեսվող փոփոխությամբ այն պարտադիր է դառնում նաև քոլեջներում և մանկապարտեզներում: Նաև, եթե գործող օրենքով օրհներգի կատարումը պարտադիր էր մարզական պաշտոնական միջոցառումների բացման և փակման, ապա նախագծով այն պարտադիր է դառնում այդ ընթացքում տեղի ունեցող պաշտոնական իրադարձությունների ժամանակ: Նախագծով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում վերոնշյալ օրենքի հավելվածի տեքստին և երաժշտությանը համապատասխան սահմանել ՀՀ օրենքի կարճ խմբագրության տարբերակ՝ հիմնականում մարզական, մշակութային միջոցառումների առանձնահատկություններով և եթերաժամանակի սահմանափակությամբ պայմանավորված 1 միասնական ստանդարտի կիրառման համար: Լիազոր մարմինը՝ ի դեմս ԿԳՄՍՆ-ի, կգործարկի իր ունեցած գործիքակազմը ՀՀ օրհներգի ստեղծումը և տարածումն ապահովելու համար»,- ասել է փոխնախարարը:

Ըստ Դանիել Դանիելյանի, նախատեսվում է նաև օրհներգի տեքստը վերադասավորել՝ ըստ պետական քաղաքականության տրամաբանության՝ արժևորելով պետությունը, ազատության փիլիսոփայությունը, ՀՀ դրոշը, պետականությունը, ինչպես նաև քաղաքացուն՝ փոխելով հաջորդականությունը: «Գործող օրենքում վերջին քառատողը դառնում է երկրորդ, և, հետևաբար, երկրորդ և երրորդ քառատողերը, համապատասխանաբար, դառնում են երրորդ և չորրորդ: Օրհներգը եզրափակվում է հետևյալ ուղերձով.

Նայիր նրան երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փոփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»,- նշել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը՝ հավելելով, օրհներգը կտեղադրվի ՀՀ Կառավարության կայքէջում և մնացած պաշտոնական հարթակներում՝ հանրային հասանելիություն ապահովելու համար:  

Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է օրինագծին և նշել, որ  անձամբ է մասնակցել նախագծի ձևավորման քաղաքական մասին: Վարչապետը կարևորել է օրինագծի ընդունումը և նշել, որ իր եզրակացությամբ՝ եթե փոփոխությունների արդյունքը չի հասնում ԴՆԹ մակարդակին, ապա փոփոխությունները տևական, ամբողջական և խորքային չեն կարող լինել: «Պաշտոնական միջոցառումների ժամանակ, երբ հիմնը հնչում է, ես ուշադիր եմ ու շատ երկար ժամանակ չեմ հանդիպել ՀՀ օրհներգի նույն ձևի կատարմանը, չկա արագության ստանդարտ, տևողության ստանդարտ, տեխնիկական պարամետրերի ստանդարտ»,-ասել է երկրի ղեկավարը՝ հավելելով, որ պետք է լուծել նաև տեխնիկական պարամետրերի հարցը, օրհներգը պետք է ունենա ստանդարտ՝ տևողության, արագության:

Անդրադառնալով օրհներգի տեքստին՝ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ օրինագծով ոչ մի բառի փոփոխություն չի նախատեսվում, առաջարկվում է միայն քառատողերի դասավորվածությունը փոխել. «Հիմա առաջարկվում է հետևյալ տեքստը՝

Մեր Հայրենիք, ազատ, անկախ,

Որ ապրել է դարեդար,

Յուր որդիքը արդ կանչում է

Ազատ, անկախ Հայաստան։

Ամենայն տեղ մահը մի է,

Մարդ մի անգամ պիտ մեռնի,

Բայց երանի, որ յուր ազգի

Ազատության կզոհվի:

Ահա եղբայր, քեզ մի դրոշ,

Զոր իմ ձեռքով գործեցի,

Գիշերները ես քուն չեղա,

Արտասուքով լվացի։

Նայիր նրան՝ երեք գույնով

Նվիրական մեկ նշան,

Թող փողփողի թշնամու դեմ,

Թող միշտ պանծա Հայաստան»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել