Նոյեմբերի 18-ին ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, ՀՀ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը, ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանը, ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հրաժարականի դիմումներ են ներկայացրել։
Նման մասշտաբային հեռացումների պատճառը Նիկոլ Փաշինյանի՝ ուրբաթ օրը արած հայտարարություններն են, երբ նա ասաց, որ դժգոհ է ուժային, դատաիրավական կառույցների կատարած աշխատանքից։
Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը Iravaban.net-ի հետ զրույցում խոսելով տեղի ունեցող իրադարձությունների մասին, նշեց, որ Նիկոլ Փաշինյանը՝ որպես կառավարության ղեկավար, կարող է իր կարծիքը հրապարակային հայտնել, այստեղ որևէ խնդիր չկա, բայց հրաժարականներից 2-ի դեպքում վտանգ է նկատվում։
Խոսքը ԲԴԽ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահների հրաժարականների մասին է, ինչի առնչությամբ նա նշեց, որ այս 2 մարմիններն օժտված են անկախության շատ բարձր չափորոշիչով, պաշտպանված են Սահմանադրությամբ և օրենքներով։
ԲԴԽ-ն անկախ սահմանադրական մարմին է, որն ապահովում է դատավորների և դատարանների անկախությունը, ու որևէ մեկը, այդ թվում՝ գործադիր մարմնի ղեկավարը չի կարող կաշկանդել նրանց գործունեությունը․ «Այս առումով ես վտանգ եմ տեսնում, որ գործադիրը կարող է ազդեցություն ունենալ դատական իշխանության ձևավորման կանխատեսելիության հետ կապված, սա շատ մտահոգիչ հանգամանք է, և կարծում եմ՝ իրավաբանները, հակակոռուպցիոն գործիչները, կազմակերպությունները, պետք է իրենց անաչառ մասնագիտական գնահատականը տան»։
Հակակառուպցիոն կոմիտեն իր հերթին ևս լիազորություններն իրականացնելիս առաջնորդվում է բացառապես Սահմանադրությամբ և օրենքներով, ու այն պետք է պահպանի քաղաքական չեզոքությունը։
Կարեն Զադոյանի խոսքով՝ Ջակարտայի հատուկ սկզբունքների շարքում է պաշտոնաթողության մասին սկզբունքը։ Նա նշում է, որ դեռևս 2021 թվականին, երբ ձևավորվել է Կոմիտեն, Հայաստանի քաղհասարակությունների Հակակռուոպցիոն կոալիցիան չմասնակցեց այդ մրցույթին և հայտարարությամբ հանդես եկավ՝ հայտնելով, որ քաղաքական ազդեցություն կա Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարի նշանակման առումով, ինչը հակասում է այդ սկզբունքներին։
«Կրկին քաղաքական հայտարարության հետևանքով պաշտոնաթող է լինում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը, ես կարծում եմ՝ սա վտանգավոր նախադեպ է, և սա կարող է խաթարել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի հիմքում ընկած անկախությունը։ Վարչապետը չի կարող իր խնդրանքով կաշկանդել կամ կանխորոշել ԲԴԽ և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահների պատոնաթողությունը»։
Մանրամասները՝ տեսանյութում։