«5 փամփուշտ, 200 ասկոլկա կա մարմնիս մեջ․ չեն ուզում թեկնածությունս դնեմ, բայց դնելու եմ»․ Վարդան Ղուկասյանը՝ դատարանում

Հակակոռուպցիոն քրեական դատարանում երեկ՝ նոյեմբերի 15-ին, դատավոր Մերի Մոսինյանի նախագահությամբ շարունակվեց Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի և ևս 4 ամբաստանյալների գործով  դատական նիստը։

Նշենք, որ այս գործով մեղադրանք է առաջադրվել նրա որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, եղբորը՝ Գևորգ Ղուկասյանին, նաև Սաշա Զաքարյանին և Արմեն Մաթևոսյանին։

Iravaban.net-ի փոխանցմամբ՝ նիստի սկզբում գործով դատախազը շարունակեց ներկայացնել Վարդան Ղուկասյանին առաջադրված մեղադրանքի մյուս դրվագները։

Մեղադրյալ Վարդան Ղուկասյանն իրեն առաջադրվող մեղադրանքներից որևէ մեկը չի ընդունում, և դրանց վերաբերյալ հետևյալ հայտարարությամբ հանդես եկավ․ «2009 թվականին, երբ ստանձնեցի Գյումրու քաղաքապետի պաշտոնը,  եկրաշարժից 90 %-ն ավիրված է եղել։ Իմ պաշտոնավարման ընթացքում միայն 40 հազար տնակ եմ ես դուրս հանել, 17 հազար բնակարան եմ կառուցել, և նույնիսկ, երբ երկրաշարժը տեղի ունեցավ, էն ժամանակ չթողեցին՝ մարդիկ քաղաքի մեջ շենք-շինություններ կառուցեն, բնակելիներ կառուցեն, գնացին գյուղերը կառուցեցին, մինչև հիմա դրանք անտերության մատնված են, և էսօր մեղադրում են նախկին քաղաքապետներին, որ էն ժամանակ ինչու չթողեցիք, որ մենք էս գումարներով ինչ-որ բնակելիներ կառուցենք»։

Ղուկասյանը պնդում է՝ նույնիսկ անհասկանալի է, թե ինչու է իրեն մեղադրանք առաջադրվել նշված փողոցներում բնակելիների կառուցման համար։

«Էսօր էդ քաղաքը, որ մտնում եք, ինչ տեսնում եք, էս տղայի շնորհով է կառուցվել մեծամասնությամբ, հետո ես ունեցել եմ 20-25 քաղաքաշինության բաժնի աշխատող, մի 10-15 նախագծային բաժնի աշխատող, աշխատակազմի ղեկավար, իրավաբանական բաժին է եղել, նրանք, երբ էդ ամեն ինչը կազմել են, բերել են, չէին էլ կարող չբերել, քանի որ ՏԻՄ-ի մեջ քաղաքապետի ստորագրությունը հեչ կապ չունի, երբ մասնագետներն ամբողջությամբ մրցույթներով ամեն ինչով իրականցնում, վերջացնում են, Կադաստրն օրինկանացնում է, էստեղ քաղաքապետը, եթե դեմ էլ լիներ, իրավունք չունեին, նրանք ինձ կարող էին դատի տալ, ես էնտեղ դերակատարություն չեմ էլ ունեցել։

Քաղաք կառուցողին ամբաստանյալի աթոռին են գամել, և քաղաքի շահերին հսկայական վնաս, էդ ի՞նչ շահերի վնաս է, երբ կադաստրային արժեքից մի բան էլ ինձ մեղադրում էին, թե ինչի եք էսքան գումար բան անում, ես էլ ասում էի՝ բյուջեն եմ լցնում, քաղաքն եմ կառուցում։

Ես արժանացել եմ Հայաստանի «Անանիա Շիրակացու» մեդալին, յուրքանչյուր քաղաքապետի գնահատականը փոքր և միջին բիզնեսի խթանումն է, բնակելիներ կառուցելն է, դրանով իրա գնահատականը պիտի տան:

Դրա համար 5 անգամ առաջադրվել եմ քաղաքապետ, հիմա էլ նորից դնելու եմ, չեն ուզում, էս ամեն ինչն արել են, որ ես չդնեմ իմ թեկնածությունը, հիմա նորից դնելու եմ թեկնածությունս, և հետո արդյունքները ժողովուրդը ցույց կտա, կտեսնեք, թե էս քաղաքապետը ոնց է աշխատել։

2007 թվականին էլ, որ ես շատ գումարներ էի տանում Գյումրի, ճանապարհին խփեցին, հիմա 5 փամփուշտ իմ մարմնի մեջ է, 200 հատ ասկոլկայով, էդ տները, որ կառուցված են, իմ արյան գնով են կառուցված, կյանքս դրել եմ էդ քաղաքի համար, էսօր էլ բերել են, ստեղ ասում են՝ բնակարան են կառուցել։ Որևիցե մեկից գումար վերցրե՞լ եմ, հլը հերթով կանչեք մարդկանց, հարցրեք՝ հախ, կաշառք, ինչ-որ մի բան առե՞լ եմ էդ մարդկանցից, որ ես ինձ մեղավոր ճանաչեմ, ջիգյարով տվել եմ մարդկանց, ասել եմ սարքեք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել