Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը հանրային քննարկման է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալական աջակցության տրամադրման ժամկետը երկարացնել ևս 3 ամսով։
Iravaban.net-ի փոխանցմամբ՝ 2025 թվականի հունվար-մարտ ամիսների համար տրամադրվող աջակցության չափը կկազմի 50000 դրամ:
Որոշմամբ տրամադրվող սոցիալական աջակցության ավարտից հետո՝ 2025 թվականի ապրիլ ամսվանից առաջարկվում է սոցիալական աջակցություն տրամադրել բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց՝ փաստացի Հայաստանի Հանրապետությունում բնակվող Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից հաշվառված՝ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող անձանց, 63 և ավելի տարեկան անձանց, կերակրողին կորցնելու դեպքում՝ նպաստ ստացող անձանց (այսուհետ՝ կերակրողին կորցրած անձ) և մինչև 18 տարեկան երեխաներին, որի շրջանակներում սոցիալական աջակցության ամսական չափը յուրաքանչյուր շահառուի համար նախատեսվում է՝
1) 2025 թվականի ապրիլ ամսվանից մինչև հունիս ամիսը ներառյալ՝ 40000 դրամ.
2) 2025 թվականի հուլիս ամսվանից մինչև դեկտեմբեր ամիսը ներառյալ՝ 30000 դրամ:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղից տեղահանված ավելի քան 100000 անձինք, ովքեր Որոշման շրջանակներում օգտվում են սոցիալական աջակցությունից, առկա իրավակարգավորմամբ օգտվելու են մինչև տարեվերջ, սակայն ձմռան եղանակային պայմաններում սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր վատթարացման կանխարգելման հանգամանքով պայմանավորված, դեռևս ունեն սոցիալական աջակցության կարիք:
Վերոնշյալից բացի՝ բռնի տեղահանված ավելի քան 100000 անձանցից մեծամասնություն են կազմում առանձին խմբերի անձինք, որոնց դեպքում անհրաժեշտություն է առաջացել սոցիալական աջակցության շարունակակականության ապահովում՝ պայմանավորված վերջիններիս կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելու հանգամանքով:
Նախագծին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։