ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, ներկայացնելով կապիտալ ծախսերի ուղղությունները, Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է սպորտային ենթակառուցվածքների շինարարության աշխատանքներին։
Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։
Այդ նպատակով 2025 թվականին կհատկացվի շուրջ 10,5 մլրդ դրամ: Մասնավորապես՝ Գյումրիում կշարունակվեն Արթուր Ալեքսանյանի անվան նոր սպորտային համալիրի կառուցումը, Ալբերտ Ազարյանի անվան մարմնամարզության օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոցի նոր մարզաբազայի կառուցումը, Երևանում ավարտին կհասցվեն Հեծանվային և գեղարվեստական մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցների կառուցումը, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի մարզադահլիճների վերակառուցումը:
Վանաձորում և Իջևանում կիրականացվի ֆուտբոլի մարզադաշտերի կառուցում՝ ՈՒԵՖԱ-ի չափանիշներին համապատասխան: Հաջորդ տարվա բյուջեով նախատեսված է նաև 2027 թվականին ՀՀ-ում անցկացվելիք Ֆրանկոֆոնիայի 10-րդ մարզամշակութային խաղերն անցկացնելու նպատակով Ֆրանկոֆոնիայի ավանի կառուցման աշխատանքների իրականացում:
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ մասնավորի հետ համագործակցությամբ տիպային մարզահամալիրների կառուցման շուրջ բանակցություններ են ընթանում, և 2025 թվականին հնարավոր կլինի փորձարկել նաև այս նոր գործընթացը:
«ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար կկազմակերպվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար
Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է՝ հատուկ նշանակություն է հաղորդվում «ՀՀ վարչապետի գավաթ» սիրողական զանգվածային մրցաշարերին, որոնք անցկացվում են 5 մարզաձևերից, ընդ որում՝ 3-ն ամբողջությամբ վերափոխվել է և անցկացվում է միայն դպրոցականների համար: ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ 2025 թվականին «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշար կկազմակերպվի նաև հաշմանդամություն ունեցող անձանց շրջանում:
2025 թվականին նախատեսվում է դպրոցականների բասկետբոլի լիգայի անցկացում՝ հաշվի առնելով մեծ թվով դպրոցներում մարզադահլիճների վերանորոգման և բասկետբոլով զբաղվելու նպաստավոր պայմանների ձևավորումը:
Կշարունակվի երիտասարդական կենտրոնների ստեղծումը
ԿԳՄՍ նախարարը տեղեկացրել է՝ երիտասարդության ոլորտում կշարունակվեն երիտասարդական կենտրոնների ձևավորման աշխատանքները: Այս տարվա բյուջեով 4 կենտրոններ էր պլանավորված՝ Արարատում, Ախուրյանում, Կապանում և Ծովագյուղում: 2025 թվականի բյուջեով 6 երիտասարդական կենտրոնի կառուցում է նախատեսվում տարբեր մարզերում: Ընդ որում՝ մեծ ուշադրություն է դարձվում աշխարհագրական համաչափ բաշխմանը:
Կմեկնարկի համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնների ծրագիր
Ի թիվս մի շարք այլ նախաձեռնությունների՝ Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է համայնքային բազմաֆունկցիոնալ կենտրոնների ձևավորման նոր մեկնարկելիք ծրագրին: Նախարարի խոսքով՝ նախագծի իրականացման համար կազմակերպվել են մրցույթներ. «Սա նշանակում է, որ պետք է փորձենք գրադարանների և մշակույթի կենտրոնների հիմքի վրա ձևավորել համայնքային մշակութային-ժամանցային կենտրոններ, որոնք կիրականացնեն այս բոլոր գործառույթները: 2025 թվականին շուրջ 225 մլն դրամ է ուղղված այս ծրագրին»:
Ժաննա Անդրեասյանը նաև նշել է՝ շարունակվելու է երիտասարդ ընտանիքներին մատչելի բնակարանով ապահովման ծրագիրը. նախատեսվում է ունենալ 9600 շահառու:
ԿԳՄՍ նախարարն անդրադարձել է նաև սփյուռքին և հայագիտության զարգացմանն ուղղված ծրագրերին: Քննարկման ընթացքում Ժաննա Անդրեասյանը պատասխանել է նաև պատգամավորների հարցերին։