«2019-2024 թվականների ընթացքում Հայաստանի անվտանգային միջավայրի պարբերաբար ձեւափոխման պայմաններում Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունն իրականացրել է իր առջեւ դրված խնդիրները` ապահովելով անձի, հասարակության եւ պետության անվտանգությունը»,-ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Նրա խոսքով՝ վերջին տարիներին արագ տեմպերով արմատական փոփոխությունների են ենթարկվել հանցագործությունների կատարման եղանակներն ու մեթոդները` պայմանավորված հասարակական հարաբերություններում թվային տեխնոլոգիաների ակտիվ ներգրավմամբ, սոցիակալան ցանցերի շարունակական զարգացմամբ:
Հաշվի առնելով մեր երկրի բարդ աշխարհաքաղաքական դիրքը, ռազմաքաղաքական իրողությունները, ինչպես նաեւ նպատակ ունենալով պատշաճ դիմակայել ժամանակակից մարտահրավերներին` ԱԱԾ մարմիններում մշտապես իրականացվում են տեխնիկական վերազինման, կադրերի պատրաստման, վերապատրաստման եւ որակավորման բարձրացման ուղղությամբ աշխատանքներ:
Նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում ԱԱԾ-ի կողմից իրականացվել են անհրաժեշտ միջոցառումներ հանցագործությունների դեմ պայքարի շրջանակում: Զեկուցողի տեղեկացմամբ՝ բացահայտվել է 86 հանցագործություն` ուղղված սահմանադրական կարգի հիմունքների եւ պետության անվտանգության դեմ: Կազմակերպված հանցավոր խմբավորումների եւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարի ուղղությամբ էլ բացահայտվել է 77 հանցագործություն, զենքի, հրազենի կամ այլ հանրավտանգ նյութերի եւ առարկաների օրինական շրջանառության դեմ ուղղված` 170 հանցագործություն, իսկ թմրանյութերի եւ հոգեմետ նյութերի անօրիանական շրջանառության` 295 հանցագործություն:
Ըստ Արմեն Աբազյանի` ԱԱԾ մարմինները ծավալուն աշխատանքներ են իրականացրել նաեւ կիբեռանվտանգության ոլորտում ռիսկերի հայտնաբերման եւ կանխարգելման ուղղությամբ: