Կալանավորը հացադուլ է հայտարարել

«Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում բուժօգնություն ստացողներից մեկը՝ Վանիկ Դանիելյանը,  կապվել է Iravaban.net-ի հետ, հայտնել իր առողջական ու հոգեկան ծանր վիճակի մասին։ Նա նշեց, որ ուժեղ գլխապտույտներ է ունենում, ձախակողմյան հատվածը չի զգում, անվասայլակի վրա է։

Իրեն առաջադրված մեղադրանքի ու դրա վերաբերյալ առկա խնդիրների մասին նշում է․ «Հիմնարկի ղեկավար Ռոբերտ Թամարյանից գոհ եմ անչափ, իմ հիմնական խնդիրը Հակակոռուպցիոն կոմիտեի քննիչի՝ Նիկոլայ Պավլովի հետ է, մեկ էլ դատախազ Հայկ Մանասյանի։ Մի տարի Հակակոռուպցիոնն ինձ ման ա եկել, 2 անգամ ուղարկել են իրենց օպեռներին՝ 1 տարվա մեջ ընդամենը 2 անգամ, ես զանգել եմ, ասել են՝ գործ կա, բողոք կա, արի, չեմ գնացել, ասել եմ գամ, բայց հետո անջատել եմ հեռախոսը չեմ գնացել, սպասել եմ օրինական ծանուցում ուղարկեն, ինձ գրավոր ոչ մի ծանուցում էդ մի տարվա մեջ իրանց կողմից չի եկել»։

Վանիկ Դանիելյանը նշում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեի քննչական երրորդ վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական Ա․ Մինասյանն իրեն գրություն է ուղարկել՝ հայտնելով 2024 թ․ օգոստոսի 6-ի խափանման միջոցի վերաբերյալ որոշման մասին, բայց իրեն դատարան են տարել ձերբակալման օրը՝ ամսի 30-ին՝ գիշերը ժամը 11-ին։

«Իմ վրա կան հոդվածներ, որոնց վաղեմությունն անցել են, ու կաշառք են դրել, ես պաշտոնատար անձ չեմ համարվում, ու մեջտեղը պաշտոնատար անձ չի էլ կարա գտնի, չկա։ Ես քննիչին ասել եմ վիճակիս մասին, ասեց՝ ընդունո՞ւմ ես մեղադրանքներդ, որ դատախազին ասեմ թողեն տնային կալանք, պարզաբանում ա՝ իբր ես կխոչընդոտեմ գործին, բայց տուժողների բոլորի համարներն էլ մոտս կա, ոչ մեկին չեմ զանգել»,-ասաց նա։

Նա նշեց, որ երկրորդ կարգի հաշմանդամ է, 2020 թվականին ինսուլտ է ստացել, կալանավորելու օրը սթրեսի է նթարկվել, տարել են Էջմիածնի հիվանդանոց, բուժզննում իրականացրել, հետո տեղափոխել Դատապարտյալների հիվանդանոց։ Սեպտեմբերի 1-ից այնտեղ է։

Նրա խոսքով՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավար Մերի Մոսինյանը քննիչին ևս հարցրել է, թե ինչու պատշաճ չի ծանուցվել, բայց դրանից հետո կալանավորելու միջնորդությունը բավարարել է։

Այսօր կրկին Վանիկ Դանիելյանը հեռախոսազանգով հայտնեց, որ դուրս է գրվել Դատապարտյալների հիվանդանոցից, տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, ու այժմ էլ ծանր վիճակում է գտնվում։

«Ստեղ եկել եմ, առավոտից բժիշկ եմ ուզում, ոչ մի բան չկա, էրեգ էլ հացադուլի դիմում եմ տվել, ինձ տեղավորել են մի խուց, որը ջրի մեջ կորած ա, սաղ գետինը ջուր ա, անմարդկային վերաբերմունք։ Ինձ ասել են, որ դեղերի մի մասը չունենք, որ ստեղ քեզ տանք, հիմա ինձ էս վիճակով չեն ուղղորդում գոնե ստեղի հիվանդանոց»,-ասաց նա։

Iravaban.net-ը հարցի պարզաբանման համար խոսել է Քրեակատարողական ծառայության մամուլի քարտուղար Նոնա Նավիկյանի հետ, նա հայտնեց, որ տվյալ անձը բողոքում է իր առողջական վիճակից, երեկ դուրս է գրվել ու տեղափոխվել Արմավիր ՔԿՀ, մտել է հացադուլի մեջ․ «Կալանավորը բողոքում է, թե ինչո՞ւ են իրեն դուրս գրել, այդ հարցին ես իրավասու չեմ պատասխանել, քանի որ բժշկական ՊՈԱԿ-ն է զբաղվում ազատազրկված անձանց առողջական հարցերով, իրենք են որոշում՝ երբ, որ օրը կալանավորված անձը գնա հիվանդանոց կամ հիվանդանոցից դուրս գրվի»։

«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ից հայտնեցին, որ ՔԿՀ-ի պայմանները բժշկության կենտրոնի իրավասություններից դուրս է, իսկ անձի առողջական վիճակի վերաբերյալ մեր հարցին ի պատասխան նշեցին․

«Մեզ համար բոլորը հավասար են։ Ինչ վերաբերում է անձի առողջական վիճակին, ես հեռախոսով տեղեկատվություն չեմ տրամադրում, դրա իրավասությունը չունեմ, քանի որ առողջության վերաբերյալ տեղեկատվությունը գաղտնի է, օրենքով պաշտպանված է, պետք է գրավոր դիմում ներկայացնել, և անձի համաձայնության կամ անհամաձայնության պարագայում սահմանված կարգով գրավոր կպատասխանենք»։

Նշենք, որ հացադուլ հայտարարելը ևս անձի առողջական վիճակի վերաբերյալ գաղտնի տեղեկատվություն է համարվում։

Լրացված

Քրեակատարողական ծառայությունից հայտնեցին նաև, որ խցում, որտեղ պահվում էր կալանավորը, ջրի խողովակ էր վնասվել,  ինչի պատճառով էլ կալանավորին տեղափոխել են այլ խուց։ Նշվում է, որ Դանիելյանը մեկ ժամ է այդ խցում մնացել, այնուհետև չոր խուց է տեղափոխվել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել