Երևանի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում այսօր` սեպտեմբերի 11-ին, շարունակվում է արդարադատության նախկին նախարար, Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստը, որը նախագահում է դատավոր Տաթևիկ Գրիգորյանը։
Այս նիստին Հրայր Թովմասյանը շարունակում է իր պաշտպանական ճառը։
«Քննիչն է որոշել, որ սա իմ լիազորությունների հետ կապված չի, և ինձ ենթարկել է քրեական հետապնդման։ Մի հատ շրջանի ավագ քննիչ, վաղը կարա նույն ձև որոշի, որ իրանց շրջանի դատավորը, որ որոշում ա կայացրել ու որոշումը 15 օր ուշ ա տվել, որոշի՝ սա իր լիազորությունների հետ կապված չի, քրեական գործ հարուցեմ, մեղադրանք առաջադրեմ, գնանք դատարան, 5 տարի էս դատավորին քննենք, 6-րդ տարում կարող ա արդարացնենք, կարող ա՝ բաց թողենք»։
Թովմասյանի խոսքով՝ դատավորի լիազորությունների իրականացման որևէ ձևի միջամտությունը կարող է հանգեցնել առանց ՍԴ համաձայնության ՍԴ դատավորին ազատությունից զրկելու, ինչն առավել լուրջ միջամտություն է սահմանադրական արդարադատության իրականացմանը։
«Ոչինչ չի խանգարում վերջին պահին, երբ դատավորը պետք ա գնա խորհրդակցական սենյակ, գա, դատավճիռ հրապարակի, էդ ժամանակ կալանավորեն, ի՞նչ ա եղել որ, քննիչը որոշեց՝ օպերատիվ տվյալ ունի, որ իրեն հանցագործության վայրում տեսել եմ ու բավականին նման էր էդ դատավորին»,-նշեց նա։
«Էս նորմի պաշտպանությունն իմ համար չի, էսօրվա ճառը մնացած բոլոր դատավորների համար ա։ Վաղը ցանկացած դատավոր այս վիճակում կարող է հայտնվել՝ նման կեղծ մեղադրանքներով»։
Մանրամասները՝ տեսանյութում։