Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռները ենթակա են ճանաչման Հայաստանի Հանրապետությունում:
Օտարերկրյա պետությունների դատարանների դատավճիռների՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչելու հիմքերը, ճանաչման ենթակա դատավճիռների (որոշումների) տեսակները սահմանվում են տվյալ պետության հետ կնքված կամ նրա մասնակցությամբ գործող Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով:
Օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը Հայաստանի Հանրապետությունում ճանաչում են՝
1) Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի քրեական պալատը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության բարձրագույն դատական մարմինը.
2) Հայաստանի Հանրապետության քրեական վերաքննիչ դատարանը, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության իրավասու վերաքննիչ դատարանը.
3) Հայաստանի Հանրապետության առաջին ատյանի դատարանը՝ օրենքով սահմանված ընդդատությանը համապատասխան, եթե ճանաչման ենթակա դատավճիռը կայացրել է օտարերկրյա պետության առաջին ատյանի դատարանը:
Օտարերկրյա պետության դատարանի դատավճռի ճանաչման վերաբերյալ իրավասու Հայաստանի Հանրապետության դատարանը որոշում է կայացնում:
Հայաստանի Հանրապետությունում ճանաչված օտարերկրյա պետության դատարանի դատավճիռը կատարվում է Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսդրությանը, իսկ վնասի հատուցմանը և գույքային այլ բռնագանձումներին վերաբերող մասով՝ Հայաստանի Հանրապետության դատական ակտերի հարկադիր կատարման մասին օրենսդրությանը համապատասխան՝ միջազգային պայմանագրերով նախատեսված բացառություններով: