Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը ներկա են գտնվել «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում վերակառուցված նոր երկու մասնաշենքի բացման արարողությանը:
Նախարար Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում մեկնարկած լայնածավալ շինարարական աշխատանքների արդյունքում կստեղծվի ամբողջությամբ վերանորոգված՝ միջազգային ստանդարներին համապատասխանող քրեակատարողական հիմնարկ:
Կատարված աշխատանքների արդյունքում ամբողջությամբ վերանորոգվել է կանանց տեղամասը, որը ներառում է հղի և մինչև 3 տարեկան երեխա ունեցող կանանց առանձնացված խցեր, ինչպես նաև ուսումնական կենտրոնը, որը ներառելու է մարզադահլիճ, գրադարան, լսարաններ, միջոցառումների դահլիճ և արհեստագործական ուսումնական սենյակներ:
«Աբովյան» ՔԿՀ-ում այժմ ընթանում են ևս երկու մասնաշենքերի՝ մեկուսարանի և վարչական հատվածի շինարարական աշխատանքները, որոնք նախատեսված են շահագործման հանձնել 2024թ.-ին:
Շինարարական աշխատանքների վերջին փուլը նախատեսվում է իրականացնել 2025թ.-ին, որի արդյունքում վերանորոգվելու է քրեակատարողական հիմնարկի ամբողջ տարածքը: Շինարարական աշխատանքները ներառելու են անչափահասների մասնաշենքը, քաղաքացիների ընդունելության սրահը, հանձնուքների ընդունման կետը, երկարատև և կարճատև տեսակցությունների սենյակները, քննչական և փաստաբանական գործողությունների սենյակները և հերթապահ մասը:
Արդարադատության նախարարը վստահություն է հայտնել, որ, Կառավարության նախաձեռնած բարեփոխումների արդյունքում, քրեակատարողական համակարգը էականորեն բարելավվում է, այս ճանապարհին ակնկալելով նաև գործընկերների աջակցությունը:
Միջոցառման ընթացքում Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Վասիլիս Մարագոսը և Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել ազատազրկված անձանց պահման պայմաններին: