Մի շարք երկրների հետ ստորագրված միջպետական համաձայնագրերի համաձայն` ճանապարհային, բնապահպանական հարկերից երկկողմանի ազատում է նախատեսվում: Ներկայումս Իրանի հետ քննարկվում են երկկողմ բեռնափոխադրումների գործընթացը դյուրացնելու ուղղությամբ միջոցառումներ իրականացնելու հարցերը, որոնց շրջանակում կարեւորվում է երկուստեք բեռնափոխադրումների արտոնություններ սահմանելու հարցը:
Այս մասին հայտնում են Ազգային ժողովից։
Նախաձեռնությամբ փորձ է արվում կարգավորել Իրանի հետ բեռնափոխադրումների ոլորտի ֆիսկալ մասը կանոնակարգելու հնարավորությունները. ասել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Զեկուցողի խոսքով կախված առավելագույն թույլատրելի զանգվածից` Հարկային օրենսգրքով բեռնատար տրանսպորտային միջոցների համար սահմանված են ճանապարհային հարկեր: «Նմանատիպ հարկեր նաեւ գանձվում են մեր հարեւան երկրում, երբ մեր տրանսպորտային միջոցները մուտք են գործում այդ երկրի սահման»,- նշել է փոխնախարարը: Նախագծով հնարավորություն է ընձեռվում սահմանելու ճանապարհային հարկ վճարողների նկատմամբ արտոնություններ այն դեպքերում, երբ ՀՀ կառավարությունը կսահմանի բեռնատար տրանսպորտային միջոցների գրանցման (հաշվառման) երկիրը, տեսակը, քանակը:
Կարգավորման նպատակը ճանապարհային հարկի արտոնություններ սահմանելու կամ դրանք վերանայելու գործընթացը դյուրացնելն է, որը հնարավորություն կտա արտոնությունների սահմանման գործընթացն իրականացնել փոխադարձության սկզբունքով մյուս կողմի պետության հետ:
ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններն առաջին ընթերցմամբ քննարկվել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 4-ին գումարած նիստում եւ ստացել դրական եզրակացություն: