Ոչխարներին արածեցնելու հարցի շուրջ վեճն ավարտվել է սպանությամբ

Վ․Գ․-ն 2023թ-ի սեպտեմբերի 25-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Ալագյազ Սար» կոչվող տարածքում տեղադրված վրանի ներսում ոչխարներին արածեցնելու հարցի շուրջ վիճաբանել է Ա․Թ․-ի հետ։ Ա․Թ․-ն սեռական բնույթի հայհոյանքներ է տվել Վ․Գ․-ի ծնողի հասցեին։ Վ․Գ․-ն վրանի ներսում դրված սեղանի վրայից վերցրել է լիցքավորված որսորդական հրացանը և Ա․Թ․-ին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ կրակել է նրա ուղղությամբ, ինչի արդյունքում վերջինիս առողջությանը պատճառվել է ծնար վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող, որը հանգեցրել է նրա մահվանը:

Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։

Գործը դատարան է ստացվել մարտի 25-ին և մակագրվել Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան գործուղված դատավոր Գևորգ Պողոսյանին։

Վ․Գ․-ին մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելը` պատժվում է ազատազրկմամբ` ութից տասնհինգ տարի ժամկետով:

Խափանման միջոց է ընտրված՝ կալանավորումը։ Վերջին դատական նիստում նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը երկարաձգվել է մինչև 2024 թվականի սեպտեմբերի 25-ը։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել