«Ինձ համար մահ կամ հայրենիք է այս պայքարը»,-այս մասին արցախյան պատերազմների մասնակիցների հետ հանդիպման ժամանակ ասաց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։
Նրա խսոքով՝ կյանքը իմաստ չունի, բովանդակություն չունի։
«Ես անձնապես պետք է պատասխան տամ իմ ընկերներին, պիտի պատասխան տամ։ Ես հավատացյալ մարդ եմ, ուղղակի թևերս վերև չեմ քաշել, ինքս ինձ ներկայացնելու համար փողոց դուրս եկել, ոչ, բացարձակ։ Շատ էլ հանգիստ կյանք ունեի, ապրում էի Տավուշում, ով եկել է, տեսել է այնտեղ ինչ ենք արել, ինչ կյանքով ենք ապրում։ Ում էինք ծառայում, ինչպես էինք ծառայում։ Երջանիկ էր ինձ համար այդպես, բայց ընդամենը 10 մետր այն կողմ, այն տարածքները որտեղ ծառայել եմ, այն խրամատները որտեղ գտնվել եմ, այդ բոլորն են կտրվել և հանձնվել։ Հիմա ո՞ր հայ մարդն է, որ կարող է իրեն հաշիվ տալ և հանգիստ շարունակել ապրել։ Բա պատմությունն ի՞նչ է ասելու մեզ»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Ըստ նրա՝ բեկումնային փոփոխությունների ժամանակն է։
«Ես պատերազմի կոչ չեմ անում, հակառակը՝ ես արժանապատիվ կյանքի կոչ եմ անում։ Պատիվ, կենսագրություն ունեցող կյանքի, որից այսօր բոլորս զրկված ենք։ Ինձ համար յուրաքանչյուրիդ կյանքը ամենաբարձր աստիճանի և պատվանդանի վրա է, որովհետև այդ պատերազմի դաշտում, կռվի միջով հայրենիքի, պետության պաշտպանության ճանապարհով անցել եք ոչ վերացական նաև ինձ համար և ինձ նման հարյուր հազարավորների համար։ Եվ այդ կյանքը գտնվելու է մեր կարևոր ուշադրության կենտրոնում»,-ասաց Բագրատ Սրբազանը։