Հենց հիմա է պահը՝ համատեղ ուժերով ձևակերպելու թշնամական ինքնաոչնչացման առաջարկի մեր այլընտրանքը․ Իշխան Սաղաթելյան

«Վերադարձ» խորագրով միջոցառմանը, որը նվիրված Արցախի Անկախության օրվան, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը հանդես եկավ ելույթով։ Դիմելով արցախահայերին՝ նա ասաց, որ Արցախը չի ընկել Արցախը հանձնվել է, արցախահայերն էլ դավաճանվել են։

«Մեզ համար Արցախի էջը փակված չէ։ Արցախը հանձնվել է Նիկոլ Փաշինյան, Ալիև, Էրդողան համագործակցությամբ և հանցավոր համաձայնությամբ։ Արցախցին երեք պատերազմներ կռված, քաջության անպատկերացնելի օրինակներ դրսևորած ժողովուրդ է, մեր հայրենիքի սահմաններն այրամբ գծած ժողովուրդ է։ Դուք ժողովուրդ եք, որի ամեն մի ընտանիք զոհ և զինվոր ունի։ Մենք պարտավոր ենք հասկանալ, մեր այս ծանր կացության պատճառները, գտնենք վերականգնման ուղիները։ Այսօր հայկական աշխարհում բախվում են երկու արժեհամակարգեր՝ հայակենտրոն և օտարահպատակ։ Այսօր մեզ անընդհատ ասում են, թե ցանկանում են խաղաղություն բերել, բայց սրանց բերածը նոր պատերազմ է ամեն անգամ ավելի մոտ մեր տներին և ցանկացած ուժ, որը ընդդիմանում է կապիտուլյացիային, հայտարարվում է ռազմատենչ։ Այսօր մեր պետությունը ղեկավարում են վախկոտներն ու վաճառականները, նույնիսկ այսպիսի միջոցառումներն են ներկայացնում պատերազմի վտանգ և ամեն օր վախի նոր չափաբաժին են ներկայացնում հանրությանը, որպեսզի կապիտուլյացիային ընդդիմացողները հայտարարվեն արկածախնդիր, իսկ կապիտուլյացիան ներկայացվի միակ ու անխուսափելի ելքը։ Իրականում սակայն հայրենիքի համար անզիջում պայքարը, այդ ճանապարհին զոհողությունները, երկիրը ոչ միայն փորձություների և արկածախնդրությունների տանել չէ, այլ ստեղծված իրավիճակից միակ ելքն է։

Մենք ուզում ենք՝ Հայաստանը ոտքի կանգնի այս ծնկած վիճակից։ Իրենք ուզում են՝ բոլորին իրենց պես ծնկի բերել։ Մենք ասում ենք՝ նոր որակի ազգային պետության կառուցումը այլընտրանք չունի։ Նրանք պնդում են, որ մեր բոլոր ազգային նպատակներն ու ծրագրեն անիրագործելի են և կենացային։ Մենք ասում ենք՝ ճիշտ առաջնորդության դեպքում ժողովուրդը կարող է պայքարել իր ազատության համար, ապահովել երկրի անվտանգությունը, նրանք թշնամու հետ համահունչ մեզ հայտարարում են՝ ռևանշիստներ։ Մենք պնդում ենք՝ ոչ մի արտաքին ուժ չի կարող որոշել, թե մենք ինչ սահմանադրություն պետք է ունենանք, մեր երեխաները Հայոց պատմության ինչ դասագրքերով պետք է սովորեն, մեր զինանշանի վրա ինչ պետք է պատկերվի։ Նրանք մեզ ասում են՝ եթե չփոխենք՝ կհարձակվեն։ Մենք ասում ենք՝ խաղաղությունն անհրաժեշտ է ապահովել, բայց չես կարող խաղաղություն ակնկալել մեկից, ում նպատակը քեզ ոչնչացնելն է։ Խաղաղությունը պետք է նվաճվի, խաղաղությունը պետք է պարտադրվի, ինչպես եղել է երկու տասնամյակների ընթացքում։ Նրանք շարունակում են մուրալ խաղաղություն՝ բերելով նոր պատերազմ և նոր կորուստներ

Սիրելի հայրենակիցներ,

միմյանց հակասող այս աշխարհաքաղաքական բախման կիզակետում ենք գտնվում, աշխարհահայացքների բախման կիզակետում ենք գտնվում մենք բոլորս և հայ ժողովուրդը։ Ուրեմն հենց հիմա է պահը համատեղ ուժերով ձևակերպելու թշնամական ինքնաոչնչացման առաջարկի մեր այլընտրանքը, որը պետք է դառնա պայքարի ապաքինման համազգային նոր ուղենիշ։ Ու հենց այստեղ է, որ մենք կրկին մեր հայացքը հառնում ենք դեպի Արցախ։ Արցախյան շարժումը ծնունդ տվեց երկու հայկական պետություններին, տարածաշրջանում ապահովեց ուժերի բալանսը մեզ աշխարհում դարձրեց գործոն։ Արցախ ունենալը ոչ միայն պատիվ էր, այլև անվտանգություն, Արցախ կորցնելը խարան է, որը խոցելի է դարձնում հայկական սահմաններն ու Հայաստանին զրկում բանակցային ուժից։ Ուստի, եթե ցանկանում ենք պաշտպանել Հայաստանը և հայկական շահը, ապա արցախյան օրակարգը այլընտրանք չունի։ Ուրեմն՝ Արցախն է վերականգնվելու, նորից գործոն դառնալու, հայրենիքը պաշտպանելու մեր բանալին։ Հետևաբար չկա՛ առանձին Արցախի հարց և առանձին Հայաստանի հարց, դրանք փոխկապակցված են։ Ավելին՝ նույն հարցն են։ Հենց այստեղից էլ բխում է այլընտրանքային հայեցակարգի առաջին դրույթը։ Առաջին բանը որ մենք որպես ազգ և պետություն պետք է ասենք աշխարհին, որ արցախյան հակամարտությունը կարգավորված չէ, Ադրբեջանը չի կարող ուժով և ուժի սպառնալիքով հարցեր լուծել տարածաշրջանում։ Մենք երբեք չենք հաշտվելու դրա հետ։ Պատերազմական հանցագործություններով զուգորդված ագրեսիան միջազգային հանրությունը չի կարող ընկալել հակամարտության կարգավորման ընդունելի միջոց։ Այսօր աշխարհի միայն երկու՝ Փաշինյանի և Ալիևի կառավարություններն են շարունակ խոսում Արցախի լուծարման և արցախյան հարցը փակ լինելու մասին։

Իմիջիայլոց․ մեկ անգամ ևս ուզում եմ հայտարարել՝ քանի դեռ հայ-ադրբեջանական բանակցություններում Արցախի հարցը ներառված չէ, քանի դեռ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը գտնվում է Բաքվում, իսկ ադրբեջանական զորքերը Հայաստանի ինքնիշխան տարածքում, հայ-ադրբեջանական բանակցություններն անվանել՝ խաղաղության բանակցութուն, դա սուտ է և կողծիք։ Դա, ըստ էության, նոր և ավելի խորը կապիտուլյացիայի մասին բանակցություններ են։ Հետևաբար, երկրորդ հիմնադրույթը, որը պետք է դառնա համազգային նոր ուղենիշ, արցախահայերի հայրենիք վերադարձի իրավունքի պաշտպանությունն է։ Այստեղ շատ կարևոր է հասկանալ, որ հարցը օրակարգ բերելով մենք ոչ միայն չենք վնասում Հայաստանին, այլ հակառակը պաշտպանում ենք հայկական շահերը, արցախյան հարցը բանակցություններից դուրս բերումը Արցախ վերադարձի իրավունքի չքննարկելն է հանգեցրել, այն իրականություն, որ այսօր տավուշյան առաջին դիքրերից զորքեր են հետ քաշվում և Հայաստանի առջև դրվում նոր տարածքային պահանջներ։ Արցախ վերադարձի օրակարգը հասկանալի է նաև մեր միջազգային գործընկերներին նաև այս պատճառով է, որ Ալիևը ցանականում է լուծարել Մինսկի խումբը։ Արցախ վերադարձի իրավունքի պաշտպանությունն է, որ կարող է թույլ տալ բանակցային սեղանին բացի հայկական կողմի զիջումներից, իսկապես ունենալ բանակցային օրակարգ։ Արցախ վերադարձին պետք է ուղղված լինեն մեր համազգային ջանքերը։ Արցախի և Հայաստանի պաշտպանությունը պետք է նորից դրվի մեր մտածողության հիմքում, որպեսզի կարոցղանանք պաշտպանել հայությանը և մեր կենսական շահերը։ Այժմ նաև մեծապես կարևորագույն խնդիրը Արցախի պետական ինստիտուտների պահպանման հարցը, առանց որի մենք մեկ քայլ նորից կհեռանանք Արցախ վերադարձի նպատակադրումից։ Այստեղից էլ բխում է երրորդ հայեցակարգային դրույթը՝ Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանվեն, պետք է ապահովվի Արցախի ժողովրդի ընտրության արդյունքում ձևավորված մարմինների գործունեությունը Հայաստանի Հանրապետությունում։ Այժմ Արցախը պետություն է, որի տարածքը ամբողջությամբ օկուպացված է, սակայն կա Արցախի Հանրապետության սյուբեկտայնության հիմքը՝ Արցախի ժողովուրդը։ Արցախի ժողովրդի կողմից ձևավորված պետական ինստիտուտներն են, որ պետք է դառնան Արցախ վերադարձի իրավունքը առաջ տանող առաջնային սյուբեկտներ, հենց նրանք նաև պետք է սահմաննեն այդ իրավունքները, որ անհրաժեշտ են արցախցուն իր հայրենիքում ազատ ապրելու համար։

Սիրելի հայրենակիցներ,

արցախյան հարցում և արտաքին քաղաքական ոլորտում այլընտրանքային մեր մոտեցումների ներկայացումը մեկ նպատակ է հետապնդում՝ ցույց տալ, որ կա ներկա իշխանության առաջ քաշած ինքնաոչնչացման ճանապարհի այլընտրանքը»,-ասաց նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել