Ի՞նչ է տրվում կալանավորված անձին

Կալանավորված անձին կամ դատապարտյալին անհատական օգտագործման նպատակով տրամադրվում են`

1) մահճակալ,
2) անկողնային պարագաներ և սպիտակեղեն,
3) խոհանոցային սպասք (ափսե, բաժակ, գդալ` ալյումինե կամ պլաստմասսայե),
4) կանոնակարգով սահմանված միասնական նմուշի հագուստ (կալանավորված անձանց միասնական նմուշի հագուստ տրամադրվում է անհրաժեշտության դեպքում),
5)անձնական հիգիենայի պարագաներ` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափաբաժիններով:
Նշված գույքը կալանավորված անձին կամ դատապարտյալին կալանավորվածներին պահելու վայրում կամ ուղղիչ հիմնարկում գտնվելու ընթացքում անվճար տրվում է ժամանակավոր օգտագործման համար` բացառությամբ անձնական հիգիենայի պարագաների:

Կալանավորված անձին կամ դատապարտյալին անձնական օգտագործման նպատակով կարող է տրամադրվել նաև այլ գույք:
Ելնելով խցում պահվող կալանավորված անձանց կամ դատապարտյալների թվից` ընդհանուր օգտագործման համար յուրաքանչյուր խցին տրամադրվում են սեղանի խաղեր (բացառությամբ զառով խաղերի), խցի մաքրության պահպանման համար անհրաժեշտ առարկաներ, իսկ կենցաղում օգտագործվող կտրող-ծակող առարկաները կալանավորված անձանց կամ դատապարտյալներին տրվում են կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի վարչակազմի հսկողությամբ:
Իր մոտ մինչև երեք տարեկան երեխա ունեցող կալանավորված անձը կամ դատապարտյալն ստանում է երեխայի խնամքի համար անհրաժեշտ պարագաներ և իրեր:

Կալանավորվածներին պահելու վայրի կամ ուղղիչ հիմնարկի խուցն առնվազն պետք է ապահովված լինի սեղանով, նստարանով կամ աթոռով, հագուստի կախիչներով, կենցաղային իրերի պահարանով, ռադիոընդունիչով և աղբամանով:

Խցերում սարքավորվում են սանհանգույց և լվացարան` խմելու ջրի ծորակով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել