2024 թվականի հուլիսի 27-ին՝ ժամը 22:45-ին, Երևան քաղաքի բնակչուհին հաղորդում է տվել այն մասին, հուլիսի 25-ին՝ ժամը 20:00-ին, իր ամուսինը՝ Ի․Սիմոնյանը, դուրս է եկել տանից և ընկերների հետ ուղևորվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր և Ողջաբերդ տանող ճանապարհների խաչմերուկ, ճանապարհին իջել է ավտոմեքենայից, գնացել անհայտ ուղղությամբ և չի վերադարձել: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից։
Հաղորդման հիման վրա ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ, որոնք, սակայն, դրական արդյունքներ չեն տվել:
Հիմք ընդունելով անձի անհետացման մասին առկա տվյալները՝ 2024 թվականի օգոստոսի 2-ին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:
Քաղաքացու անհետանալուց շաբաթներ անց միայն նրա դին հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի հարակից ձորակում:
Անմիջապես ձեռնարկված քննչական և վարութային անհետաձգելի գործողությունների արդյունքում պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ։
Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ անհետ կորած 36-ամյա Ի.Սիմոնյանը սպանության զոհ է դարձել:
Վարույթն իրականացնող մարմինը պարզել է ինչպես սպանության շարժառիթը, այնպես էլ՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի և վերջինիս օժանդակած ու հանցագործությունը կազմակերպած անձանց ինքնությունները, ովքեր հանդիսանում են տուժողի 31-ամյա կինը, ով ամուսնու անհետանալու մասին հաղորդում էր ներկայացրել, և սպանվածին պատկանող պահեստում աշխատող 25 և 36 տարեկան երկու անձինք:
Քննությամբ պարզվել է, որ սպանության շարժառիթ է հանդիսացել նշված աշխատողներից մեկի՝ անձնական հարցի շուրջ Ի.Սիմոնյանի նկատմամբ ունեցած անբարյացկամ վերաբերմունքը:
Փաստվել է, որ հիշյալ անձինք տուժողին ապօրինաբար կյանքից զրկելու՝ սպանելու մտահղացումը կյանքի են կոչել՝ այն պլանավորելով և անհետ կորելու իմիտացիա ստեղծելով:
Ըստ նախապես գծած պլանի՝ 25-ամյա երիտասարդը 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում, 36-ամյա գործընկերոջ և Ի.Սիմոնյանի հետ միասին, վերջինիս կողմից շահագործվող «Վոլկսվագեն Տուարեգ» մակնիշի ավտոմեքենայով գնացել են Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի և Կոտայքի մարզի Գեղադիր բնակավայրի միջնամասում գտնվող սար, որտեղ միասին գարեջուր են խմել: 25-ամյա երիտասարդը, Ի.Սիմոնյանի համար նախատեսված գարեջրի մեջ ներարկիչի միջոցով քնաբեր է լցրել և այն փոխանցել է Ի.Սիմոնյանին, որը խմելուց հետո վերջինս քնել է: Այնուհետև, օգտվելով վերջինիս քնած լինելու և անօգնական վիճակում գտնվելու, իր ֆիզիկական վիճակով պայմանավորված դիմադրություն ցույց տալուց զրկված լինելու հանգամանքից, ինչպես նաև նպատակադրված լինելով վերջինիս ապօրինաբար զրկել կյանքից, 36-ամյա տղամարդու ներկայությամբ, ով երիտասարդի մտադրության մասին նախապես տեղյակ է եղել, քարով երկու անգամ հարվածել է Ի.Սիմոնյանի գլխի հետնամասին՝ պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:
Համոզվելով, որ Ի.Սիմոնյանին սպանել է՝ 25-ամյա անձը 36-ամյա տղամարդու հետ միասին, Ի.Սիմոնյանի դին տեղափոխել են ավտոմեքենայի հետևի նստատեղին, ուղևորվել Նուբարաշենից դեպի Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գերեզմանատուն տանող ճանապարհահատված և դին նետել աղբանոցի հարակից հատվածում գտնվող ձորակ։ Հետո միասին հեռացել են նշված վայրից, ապա մաքրել ավտոմեքենայի մեջ մնացած արյունը՝ փորձելով թաքցնել հետքերը:
Քննությունը շեղելու նպատակով 25-ամյա երիտասարդը տուժողի հեռախոսներից մեկը թողել է պահեստում, իսկ մյուսը տեղափոխել այլ վայր:
Քննությամբ հիմնավորվել է, որ Ի.Սիմոնյանի կինը, տեղեկացված լինելով 2024թ․ հուլիսի 25-ին՝ ժամը 22:00-ից մինչև 23:00-ն ընկած ժամանակահատվածում 25-ամյա երիտասարդի կողմից ամուսնու սպանության և 36-ամյա տղամարդու կողմից սպանությանն օժանդակելու մասին, դեպքից երեք օր անց զանգահարել է վերջինիս և խնդրել ցույց տալ այն վայրը, որտեղ սպանվել է ամուսինը։ Ապա կինը, հանցագործության բացահայտմանը խոչընդոտելու, նշված անձանց քրեական պատասխանատվությունից խուսափելու հարցում օգնելու, Ի.Սիմոնյանի գարեջրի մեջ քնաբեր ներարկած ներարկիչը գտնելու վերաբերյալ 25-ամյա երիտասարդի խնդրանքը կատարելու և հանցագործության հետքերը վերացնելու նպատակով, 36-ամյա տղամարդու հետ միասին ուղևորվել են դեպքի վայր, որտեղ ոչինչ չհայտնաբերելով՝ վերադարձել են:
Այնուհետև, որպես վկա հարցաքննվելիս, փաստացի տեղեկացված լինելով դեպքի վերաբերյալ ողջ իրականության մասին, 31-ամյա կինը վարույթն իրականացնող մարմնին հայտնել է իրականությանը չհամապատասխանող կեղծ տեղեկություններ՝ այդ կերպ աջակցելով հանցանք կատարած անձանց:
Նախաքննության ընթացքում կատարվել են խուզարկություններ, առգրավումներ, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Միջնորդություն է հարուցվել հսկող դատախազին՝ 25-ամյա երիտասարդի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 36-ամյա տղամարդու նկատմամբ՝ 46-155-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ տուժողի կնոջ նկատմամբ՝ 474-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդում հարուցելու մասին, որոնք բավարարվել են և նրանց ներկայացվել են մեղադրանքներ։
Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ 25 և 36-ամյա մեղադրյալների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու մասին, որոնք բավարարվել են: 31-ամյա կնոջ նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։
Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: