Գեղարքունիքի մարզի դպրոցներից մեկի տնօրեն Ն․ Ս․-ն նույն դպրոցի 11-րդ դասարանի դասղեկից և մյուս ուսուցիչներից պահանջել է, որ էլեկտորնային մատյանում նշված դպրոցի 11-րդ դասարանի աշակերտ Է․ Հ․-ի 2021թ. ապրիլի 29-ից ՀՀ տարածքից բացակայելու պայմաններում, բացակայություններ դնելու փոխարեն նշանակել գնահատականներ, ինչի արդյունքում աշակերտին իրավունք է վերապահվել փոխադրվել 12-րդ դասարան:
Այս մասին Iravaban.net-ը տեղեկանում է «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։
Գործը դատարան է ստացվել մայիսի 8-ին և մակագրվել Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Հարությունյանին։
Ն․ Ս․-ին մեղադրանք է ներկայացվել 457-րդ հոդվածի 2-րդ մասի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը`որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) հատկանիշներով:
Ն․ Ս․-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ բացակայելու արգելք։
ՀՀ ՔՕ 46-րդ հոդվածը սահմանում է հանցակիցների տեսակները․
1. Հանցակիցներ են համարվում կատարողը, դրդիչը, կազմակերպիչը և օժանդակողը:
2. Կատարող է համարվում այն անձը, որն անմիջականորեն կատարել է հանցանքը կամ դրա կատարմանը մասնակցել է այլ անձի (համակատարողի) հետ համատեղ, ինչպես նաև հանցանքը կատարել է այնպիսի անձի օգտագործելու միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ ենթակա չէ քրեական պատասխանատվության տվյալ հանցագործության համար որպես կատարող կամ հանցանքը կատարել է անզգուշությամբ:
3. Դրդիչ է համարվում այն անձը, որը մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարելու` համոզելու, նյութապես շահագրգռելու, սպառնալիքի միջոցով կամ այլ եղանակով:
4. Դրդիչ է համարվում նաև այն անձը, որը մեկ ուրիշին դրդել է դրդչության կամ մեկ ուրիշին դրդել է հանցանք կատարելու` դրդելու համար օգտագործելով այնպիսի անձի, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ:
5. Կազմակերպիչ է համարվում այն անձը, որը կազմակերպել կամ ղեկավարել է հանցանքի կատարումը: Կազմակերպիչ է համարվում նաև այն անձը, որը դրդել է մեկ ուրիշին կազմակերպելու կամ ղեկավարելու հանցանքի կատարումը: Կազմակերպիչ է համարվում նաև այն անձը, որը հանցանքը կազմակերպել կամ ղեկավարել է այնպիսի անձի միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ:
6. Օժանդակող է համարվում այն անձը, որը հանցագործությանը նպաստել է խորհուրդներով, ցուցումներով, տեղեկություններ կամ միջոցներ, գործիքներ տրամադրելով կամ խոչընդոտները վերացնելով, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է պարտակել հանցագործին, հանցագործության միջոցները կամ գործիքները, հանցագործության հետքերը կամ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առարկաները, ինչպես նաև այն անձը, որը նախապես խոստացել է ձեռք բերել կամ իրացնել այդպիսի առարկաները:
7. Օժանդակող է համարվում նաև այն անձը, որը՝
1) մեկ ուրիշին դրդել է օժանդակության,
2) նախապես համաձայնություն է տվել մասնակցելու հանցագործությանը որպես համակատարող, սակայն մյուս համակատարողի կողմից հանցանքը կատարելու ընթացքում, անմիջականորեն չմասնակցելով հանցանքի կատարմանը, իր ներկայությամբ ամրապնդել է կատարողի` հանցանք կատարելու վճռականությունը,
3) օժանդակել է հանցագործությանն այնպիսի անձի միջոցով, որն օրենքի ուժով ենթակա չէ քրեական պատասխանատվության կամ գործել է անզգուշությամբ կամ
4) հատուկ սուբյեկտի դրդմամբ կատարել է հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմը, որի սուբյեկտ ինքը չի համարվում, կամ հատուկ սուբյեկտի հետ համատեղ մասնակցել է հատուկ սուբյեկտով հանցագործության օբյեկտիվ կողմի կատարմանը, եթե բացակայել են սույն օրենսգրքի 48-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կամ 6-րդ մասով նախատեսված պայմանները, որոնց ուժով անձը հատուկ սուբյեկտով հանցագործության օժանդակող չի համարվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: