Դիակի արտաքին զննությամբ, նախնական տվյալներով, մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել․ ՔԿ

Կոտայքի մարզում ՌԴ 20-ամյա քաղաքացու անհետ կորելու, ապա նրա դին հայտնաբերվելու դեպքի առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել․ հանգամանքները պարզվում են։

Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը։

2024թ․ օգոստոսի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն է ստացվել ՌԴ քաղաքացու՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում տված հաղորդումն այն մասին, որ նույն օրը, ժամը 10-ի սահմաններում, երկու ընկերոջ հետ գնացել են Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքի Հանքավան բնակավայր՝ հեծանիվ վարելու, և հետ վերադառնալիս իր ընկերներից մեկը՝ Մարկ Լարինը, Հանքավան բնակավայրից մինչև Արտավազ բնակավայր ճանապարհին կորել է։

Մարդու անհետ կորելու վերաբերյալ պատշաճ հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Օգոստոսի 21-ին վարույթն իրականացնող մարմինը տեղեկացվել է, որ որոնողական աշխատանքների արդյունքում 2002թ․ ծնված Մ․ Լարինի դին հայտնաբերվել է Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում։

Քննիչը մեկնել է դեպքի վայր։ Կատարվել են անհետաձգելի քննչական գործողություններ, մասնավորապես՝ դեպքի վայրի զննություն։
Դիակի արտաքին զննությամբ, նախնական տվյալներով, մարմնի վրա բռնության տեսանելի հետքեր չեն հայտնաբերվել։ Մահվան պատճառները պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Իրականացվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել