Ամուսնուն մեղադրանք է ներկայացվել՝ իր կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար

2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:45-ին, Գեղարքունիքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր կինը հրազենով գլխին կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում, ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում ձեռնարկված քննչական և ապացուցողական մի շարք անհետաձգելի գործողություններով պարզվել են քննության համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ:

Մասնավորապես տվյալներ են ստացվել այն մասին, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածից սկսած, վերահսկել է իր կնոջը՝ նրան արգելելով շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծի ենթարկել, ինչը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` վերջինս պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք, տարբեր առիթներով պարբերաբար հասցրել է վիրավորանքներ: Այդ հանգամանքներով պայմանավորված` կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումներին, այլ ելք չգտնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Մակարով» տեսակի ատրճանակից իրենց տանը կրակել է իր գլխին՝ ինքն իրեն պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Նկատի ունենալով, որ ստացված տեղեկությունն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին` օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրան մեղադրանք է ներկայացվել:

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզի վերոհիշյալ բնակչի ձերբակալման մասին որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը:

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել